06/09/2021 18:51
Հայաստանը Համաշխարհային բանկի հուսալի գործընկերն է. Ֆինանսների նախարարը հանդիպել է ՀԲ պատվիրակության հետ
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Հյուսիսային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի և ՀԲ Երևանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը:
Նախարարը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ ծավալված արդյունավետ համագործակցությունը և վերահաստատել կառավարության պատրաստակամությունը՝ ամրապնդելու փոխգործակցությունը եւ ընդլայնելու համագործակցության շրջանակները:
Մոլիեուսն ընդգծել է, որ Հայաստանը Համաշխարհային բանկի հուսալի գործընկերն է և լավագույն երկրներից է՝ վարկային պորտֆելի կատարողականի առումով: Նա վստահեցրել է, որ ՀԲ-ն կշարունակի աջակցել ՀՀ կառավարությանը բարեփոխումների իրականացման գործում և հասնել գործընկերային ավելի բարձր մակարդակի:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարություն - Համաշխարհային բանկ համագործակցության ընթացքին և հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, անդրադարձ է եղել Հայաստանի Հանրապետության հետ Համաշխարհային բանկի ռազմավարության առաջնահերթություններին և ընթացիկ ծրագրերին` ուղղված պետական հատվածի, հանրային ֆինանսների կառավարման ոլորտի, ինչպես նաև հարկային և մաքսային վարչարարության բարելավումներին: