07/09/2021 12:30
Հայ-թուրքական սահմանի բացումը, որպես գաղափար, դրական է, բայց ստեղծված իրավիճակում այն առաջացնում է մի շարք մտահոգություններ. թուրքագետ
Այն նախապայմանները, որ Թուրքիան ներկայացնում էր Հայաստանին սահմանը բացելու դիմաց, չեն փոխվել, և եթե հայ-թուրքական սահմանի բացում պետք է տեղի ունենա ի հաշիվ Արցախի՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ճանաչելու, ի հաշիվ Հայոց ցեղասպանության մոռացության, մեր ազգային հիշողության ջնջման կամ միջազգային ճանաչման դադարեցման, ուրեմն այդ սահմանի բացումն ինքնին դրական քայլ ներկայացնել հնարավոր չէ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։
«Կարծում եմ, որ հայ-թուրքական սահմանը բացելուց առաջ Հայաստանը բոլոր առումներով պետք է պատրաստվի դրան՝ սկսած օրենսդրական, հարկային, մաքային, անվտանգային, վերջացրած քարոզչական և հասարակության ընկալումների առումներով։ Իսկ հիմա մենք ունենք շատ անբարենպաստ իրավիճակ, երբ Հայաստանում կա հասարակական մի շերտ, որը կարծում է, որ Շուշին թուրքական է, որը կարծում է՝ «ավելի լավ է Իլհամ Ալիևը գա, կոտորի, միայն թե նախկինները չգան»։
Այս մտածողությունը չի քննադատվում, ավելին՝ օրեցօր ավելանում է, և այս պարագայում սահմանի բացումը կարող է առաջ բերել հասարակական դիմադրողականության կորուստ՝ դրանից բխող անվտանգային սպառնալիքներով», - ասաց թուրքագետը։
Ռուբեն Մելքոնյանի խոսքով՝ հայ-թուրքական սահմանի բացման դեպքում Հայաստանին սպառնացող վտանգներից հաջորդը վերաբերում է տնտեսությանը։
«Հարց է, թե որքանով է Հայաստանը պատրաստ դիմագրավել թուրքական տնտեսական՝ սկզբից քողարկված, այնուհետև բացահայտ էքսպանսիային։ Այնպես որ, հայ-թուրքական սահմանի բացումը, որպես գաղափար, դրական է, բայց ստեղծված իրավիճակում այն առաջացնում է մի շարք մտահոգություններ, որոնք հատկապես ՀՀ գործող իշխանությունների վարած քաղաքականության, հռետորաբանության և մտածողության պարագայում դառնում են էլ ավելի մտահոգիչ», - ասաց թուրքագետը։