07/09/2021 18:25
Քաշաթաղում թուրք-ադրբեջանական զորավարժություններով հակառակորդը նոր պատերազմի է պատրաստվում. նա կանգ առնելու միտք չունի. Վերլուծաբան
Արցախի Քաշաթաղի շրջանում երեկվանից մեկնարկած, հատուկջոկատայինների ներգրավմամբ թուրք-ադրբեջանական զորավարժությունները հատկանշական են նրանով, որ առաջին նմանատիպ վարժանքներն են Արցախի օկուպացված տարածքներում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի վերլուծաբան Սոնա Խաչատրյանը։
«Մենք գիտենք հատկապես Քաշաթաղի շրջանի կարևորությունը՝ համենայնդեպս նախկինում Հայաստանի և Արցախի միջև կենսական կապի առումով։ Այժմ Հայաստանի և Արցախի՝ դեռևս ինքնիշխան մնացած տարածքի միջև շատ լուրջ վտանգ է ստեղծվում։ Մենք գիտենք, որ նոյմեբերի 9-ի եռակողմ հայտարարության հիման վրա ռուս խաղաղապահների միջնորդությամբ կապը Լաչինի միջանցքով դեռևս պահպանվում է, սակայն միջանցքի միայն ասֆալտապատ հատվածով է, որ կարողանում ենք համեմատաբար ապահով անցնել», - նշեց մեր զրուցակիցը։
Սոնա Խաչատրյանի խոսքով՝ Քաշաթաղի շրջանում թուրք-ադրբեջանական զորավարժութունները Հայաստանի և Արցախի միջև այդ փոքրիկ կապն անգամ խաթարելու միտում ունեն։
«Ադրբեջանն ու Թուրքիան հենց այս պահին էլ շարունակում են ռազմաօդային, ռազմածովային, ցամաքային ուժերի զորավարժությունները։ Ադրբեջանից պարբերաբար հատուկջոկատայինների խմբեր են մեկնում Թուրքիա և վերադառնում, այսինքն՝ նրանց միջև համագործակցությունը շատ ինտենսիվ շարոյնակվում է։ Կարող ենք հստակ պնդել, որ հակառակորդը կանգ առնելու կամ խաղաղության գնալու միտք չունի, հակառակը՝ նոր պատերազմի է պատրաստվում, Թուրքիան էլ հնարավոր ամեն ինչով աջակցում է նրան։ Դժվար է ասել՝ պատերազմը երբ կլինի, սակայն վտանգը միշտ առկա է», - ասաց վերլուծաբանը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության շրջանակներում սեպտեմբերի 6-ին Արցախի օկուպացված Քաշաթաղի (Լաչինի) շրջանում մեկնարկել են թուրք-ադրբեջանական ուսումնական վարժանքներ։ Դրանք կտևեն մինչև սեպտեմբերի 10-ը։