07/09/2021 10:00
Վերամշակողները պետք է մտածեն, որ խաղողի ձեռքբերումն այսօր ավելի ձեռնտու է, քան վաղը՝ այլ պայմաններով․ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Նախորդ տարի խաղողի մթերման բավականին ծանր սեզոն էր, կառավարության և մեր առջև խնդիր էր դրված, որպեսզի ոչ մի խաղող դաշտում չմնա։ Եվ, կարծես թե, այդ խնդիրը լուծվեց, «Հանրային հեռուստաընկերության» եթերում ասել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը՝ անդրադառնալով 2020 և 2021 թվականներին խաղողի մթերման գործընթացին։
2020 թվականին, Խոջոյանի խոսքով, գործարանները մթերել են պահանջարկից ավելին, քանի որ կառավարությունն առաջարկել էր «շատ գրավիչ գործիքներ»։
«Այս տարի կառավարությունը որդեգրել է նույն մոտեցումը՝ էլ ավելի հետաքրքիր գործիքներ առաջարկելով խաղող վերամշակողներին՝ դրանով իսկ նպաստելով, որպեսզի ստեղծվի պահանջարկ խաղողի նկատմամբ», - ասել է Խոջոյանը։
Նա ներկայացրել է նաև «հետաքրքիր գործիքները», որոնցով կառավարությունը շահագրգռելու է արդեն իսկ պահանջարկից շատ խաղող մթերած վերամշակողներին, որոնք 2020 թվականին կուտակած սպիրտը իրենց ակնկալածի չափով չեն կարողացել իրացնել։
«Այն պայմանները, որոնք պետք է առաջարկվեն վերամշակողներին, պետք է լինեն այնքան գրավիչ, որ նրանք հարցը ավելի հեռանկարային դիտարկեն և տնտեսական վերլուծություններ իրականացնելով՝ մտածեն, որ խաղողի ձեռքբերումն այսօր ավելի ձեռնտու է, քան վաղը՝ այլ պայմաններով», - ասել է նախարարի տեղակալը։
Խոջոյանը վերամշակողներին հիշեցրել է նաև կառավարության որոշման մասին, համաձայն որի խաղողի մթերման ծավալի ընդհանուր սահմանաչափը բարձրացվել է մինչև 4 միլիարդ դրամ, սահմանվել է մեկ տարի արտոնյալ ժամկետ։
«Այսինքն՝ վերամշակողն այսօր ձեռք է բերում խաղողը, և կարող է մեկ տարի շարունակ ոչ մի գումար չվճարել՝ դրանով իսկ ոչ մի ֆինանսական բեռ չունենալ», - ասել է պաշտոնյան։