07/09/2021 17:36
Կորոնավիրուսային հիվանդությանը դիմակայելու առումով բավական բարդ ընթացք է. Առողջապահության նախարար
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է Երևանի պետական համալսարան, հանդիպել ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանի, համալսարանի դեկանների և մի շարք աշխատակիցների հետ:
Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է COVID-19-ի դեմ պատվաստումային գործընթացը, առողջապահության նախարարության կողմից կորոնավիրուսի կանխարգելման և վերահսկման իրականացված աշխատանքները Հայաստանի կրթական ոլորտներում` նախադպրոցական, դպրոցական և բուհական ուսումնական հաստատություններում։
«Կորոնավիրուսային հիվանդությունը մեծ մարտահրավեր է ինչպես աշխարհի, այնպես էլ Հայաստանի համար: Շնորհիվ մեր բուժաշխատողների` կարողացել ենք բազմաթիվ խոչընդոտներ հաղթահարելով` մեր քաղաքացիներին պատշաճ բժշկական ծառայություն մատուցել: Այդուհանդերձ, հաշվի առնելով մեր առողջապահական համակարգը, մեր քաղաքացիների, հանրային առողջապահական իրավիճակը` կորոնավիրուսային հիվանդությանը դիմակայելու առումով բավական բարդ ընթացք է: Ուստի, առողջ և անվտանգ աշխատանքային ու կրթական միջավայր ապահովելու համար անհրաժեշտ է ջանքերը մեկտեղել COVID-19 համավարկի դեմ հնարավորինս պայքարելու համար, իսկ դրա լավագույն լուծումը պատվաստվելն է»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:
Քննարկման ընթացքում դասախոսները հարցուպատասխանի միջոցով անդրադարձել են կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված մի շարք խնդիրների, հանդես եկել առաջարկներով, քննարկել լուծման տարբերակներ:
Հանդիպման ավարտին պատվաստումային շարժական կայանի բժիշկ-մասնագետները ԵՊՀ-ում էին, որտեղ պատվաստման գործընթացը շարունակվում է: