07/09/2021 15:30
Համաշխարհային բանկը պատրաստ է շարունակել փոխգործակցությունը՝ աջակցելով Հայաստանի տնտեսական զարգացմանը. Մոլինեուս
Սեպտեմբերի 7-ին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը և Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսը քննարկել են գյուղատնտեսության, ջրօգտագործման, էներգետիկայի, զբոսաշրջության, ենթակառուցվածքների զարգացման բնագավառների հարցերն ու գործակցության հնարավորությունները։
Սեբաստիան Մոլինեուսը վերահաստատել է, որ ՀԲ-ը պատրաստ է շարունակել և ընդլայնել փոխգործակցությունը՝ աջակցելով Հայաստանի տնտեսական զարգացմանը:
Որպես առաջնահերթություն՝ դիտարկվել են արդյունքահեն և էներգախնայող ծրագրերը:
Անդրադարձ է կատարվել համայնքների համաչափ զարգացման խնդրին, ինչի կապակցությամբ փոխվարչապետը հայտնել է, որ առաջիկայում տեղի կունենան վարչատարածքային փոփոխություններ, որոնց արդյունքում համայնքները պետք է դառնան տնտեսապես ավելի ուժեղ՝ գյուղատնտեսական տեխնիկայի համապատասխան հագեցվածությամբ, ժամանակակից աղբահանությամբ, էներգախնայողությամբ՝ միաժամանակ մարդկային կապիտալի զարգացման համար պայմաններ ստեղծելով:
Զրուցակիցները կարևորել են Հայաստանի փոքր քաղաքների զարգացումը՝ ապակենտրոնացման և Երևանից դուրս նոր քաղաքային միջավայրեր ձևավորելու նպատակով: