07/09/2021 12:53
Ստիպողաբար պատվաստվելու դրդելը սահմանադրության ուղիղ խախտում է․ իրավապաշտպան
Ստացվում է, որ մարդուն ստիպում են, որպեսզի նա մասնակցի ինչ-որ գիտափորձի, որպեսզի կատարի այդ ֆորմալ գործողությունը, ասի՝ այո, ես պատվաստված եմ, բայց ապացուցված չէ, թե դա ինչ հետևանքներ է ունենում կամ ինչ հետևանքներ կարող է ունենալ թեկուզ 5, 10 տարի հետո, լրագրողների հետ հանդիպմանն, անդրադառնալով պատվաստումների գործընթացին, ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Նա նշեց, որ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող կարգը, ըստ որի գործատուներն աշխատակիցներից պետք է պահանջեն պատվաստման մասին վկայող փաստաթուղթ, հակառակ դեպքում աշխատակիցները ստիպված պետք է լինեն ամիսը երկու անգամ ՊՇՌ թեստ հանձնել, սահամանդրության խախտում է։
«Իմ պատկերացմամբ՝ սա ուղիղ խախտում է սահմանադրությունը, դրա մասին արդեն շատերն են խոսում։ Ստիպողական պատվաստումը չի կարող համարվել սահմանադրությանը համապատասխանող»,- ասաց իրավապաշտպանը։
Ռուբեն Մելիքյանը նաև պատկերավոր օրինակ բերեց։
«Ինչու՞ նույն սկզբունքով մենք մարդուն չենք կարող ստիպել, որպեսզի գնա, բանակում ծառայի, եթե նրա համոզմունքն այլ է, ինչու՞ չենք կարող ստիպել, որ շատ ավելի կարևոր՝ հայրենիքի պաշտպանության պարտականությունը կատարի, բայց կարող ենք ստիպել, որ գնա իր համար ոչ տեսանելի գործընթացի», - ասաց նա։
Մելիքյանը շեշտեց նաև, որ ինքը հարցը դիտարկում է իրավական տեսանկյունից և հակապատվաստումային արշավ չի իրականացնում։
Նա նաև կանխատեսեց, որ հոկտեմբերի 1-ից հետո դատարանները կարող են ծանրաբեռնվել ստիպողաբար պատվաստվել չցանկացող քաղաքացիների հայցերով։