07/09/2021 15:39
Շաքարավազի շուկայում արհեստական դեֆիցիտ ստեղծելու վերջնական նպատակը տվյալ ապրանքատեսակի թանկացումն է. տնտեսագետ
Վերջին օրերին շաքարավազի թանկացումն առնվազն զարամանալի է, որովհետև մի քանի խաղացող և գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող ունեցող շուկայում նմանատիպ վիճակ ստեղծվել ուղղակի չի կարող, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը։
«Իմ դիտարկմամբ՝ այստեղ իրականում գործ ունենք կազմակերպված որոշակի քայլերի հետ, մինչդեռ պատկան մարմինը՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն, ուղղակիորեն անգործության է մատնված և իր գործառույթները չի իրականացնում։
Եթե որևէ շուկայում տնտեսվարող որևէ սուբյեկը գերիշխող դիրք ունի, ապա ՏՄՊՊՀ-ն ոչ միայն գնային քաղաքականությունը պետք է վերահսկի, այլև ապրանքի մատակարարման ժամկետները և այլն։ Այսինքն՝ չի կարող այնպես լինել, որ գերիշխող դիրք ունեցող ընկերությունն իր քմահաճույքով որոշի՝ այլևս չի ներմուծում տվյալ ապրանքը», - ասաց տնտեսագետը։
Կառլեն Խաչատրյանի համոզմամբ՝ շաքարավազի շուկայում արհեստական դեֆիցիտ ստեղծելու վերջնական նպատակը տվյալ ապրանքատեսակի թանկացումն է։
«Կարծում եմ՝ խանութներ շաքարավազի փոքր խմբաքանակներ են առաքվում, ինչն էլ բերելու է սպառողների շրջանում որոշակի աժիոտաժի, շաքարավազի պահանջարկը մեծանալու է։ Մարդիկ, 1-2 կգ շաքարավազ գնելու սովորույթին հակառակ, ձգտելու են միանգամից 10-15 կգ գնել, ինչն էլ անխուսափելիորեն բերելու է շաքարավազի գնի բարձրացման։ Տնտեսվարողներն իրենց հերթին գերշահույթ են ստանալու։ Հիշենք՝ նույնը տեղի ուեցավ ապրիլ ամսին ձվի շուկայում», - նշեց Կառլեն Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ վերջի օրերին շաքարավազի մեկ կիլոգրամը վաճառվում է 420-450 դրամի սահմաններում։ Շաքարավազի շուկայում նման պատկեր արձանագրվել էր նաև հուլիս ամսին. սուպերմարկետներում քաղաքացիներին հրաժարվում էին 2-3կգ ավելի շաքարավազ վաճառել, բացի այդ, այդ ապրանքատեսակի գինը 360 դրամից բարձրացել էր՝ դառնալով 400 դրամ։