08/09/2021 12:08
Եթե աշխատակիցը ՊՇՌ թեստ չներկայացնի և չներկայանա աշխատանքի, գործատուն կարող է խզել աշխատանքային պայմանագիրը․ Առողջապահության նախարար
Ցանկացած կանոնի խախտման հետ կապված՝ կան հետևանքներ, կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող նոր կարգին։
Համաձայն դրա՝ գործատուներն աշխատակիցներից պետք է պահանջեն կորոնավիրուսի դեմ պատվաստման մասին վկայող փաստաթուղթ, հակառակ դեպքում աշխատակիցները ամսական երկու անգամ ՊՇՌ թեստի արդյունք պետք է ներկայացնեն։
Չներկայացնելու դեպքում, առողջապահության նախարարի խոսքով, աշխատակցի մուտքը աշխատավայր կարող է նաև արգելվել։ Թեստ չպահանջող գործատուն ևս կպատժվի։
«Հետևանքը աշխատանքի ներկայանալու մեջ է լինելու, հաջորդիվ տվյալ կազմակերպությունը ևս որոշակի տույժ-տուգանքներ կկրի։ Իսկ եթե աշխատակիցը չի ներկայանում աշխատանքի՝ որոշակի ժամկետում, ապա գործատուն իրավունք ունի նաև խզելու աշխատանքային պայմանագիրը», - ասաց նա։
Քաղաքացիներին պատվաստվելու ուղղորդող այս քայլը, նախարարի համոզմամբ, օրինական է։
«Ամեն ինչ արվում է սահմանադրության, ՀՀ օրենքների շրջանակներում։ Հայաստանում գործում է «Բնակչության սանիտարահամաճարակային պաշտպանության մասին» օրենքը, որը հստակ կետերով ամրագրումներ ունի, ինչին հղում կատարելով՝ ընդունվել են նաև ենթաօրենսդրական ակտեր, որոնք բխում են օրենքներից։ Նորմը, որը սահմանված է, ամբողջությամբ համապատասխանում է բոլոր պահանջներին», - ասաց Ավանեսյանը։