08/09/2021 16:25
44-օրյա պատերազմում դրոնների վճռորոշ դերակատարության մասին պնդումը միֆ է․ հետազոտություն
2020 թվականի աշնանը Ղարաբաղում սկսված 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակի ապահովման հարցում ԱԹՍ-երի վճռորոշ դերակատարության մասին հայտարարությունները միֆ են, ասվում է Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի «Փոթորիկ Կովկասում» հետազոտությունում, գրում է РИА Новости-ն։
Մի շարք փորձագետներ հակամարտությունն անվանել էին «դրոնների պատերազմ»՝ պայմանավորված այն հանգամանքով, որ ռազմական գործողությունների ժամանակ Ադրբեջանը լայնորեն կիրառել էր տարբեր դասերի ԱԹՍ-եր։
Ինչպես նշում են Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնում, ԱԹՍ-երի հռչակումը որպես միակ գործոն, որն ապահովել է Ադրբեջանի հաջողությունը, առասպել է։
«Միայն ԱԹՍ-երը չէ, որ ապահովել են այն արդյունքը, որին ձգտում էր Ադրբեջանը։ Ավելի ճիշտ կլինի ասել, որ Բաքվին հաջողվեց իր առջև դրված որոշ նպատակների հասնել՝ տեխնոլոգիաների ճիշտ, մարտավարական գործածման շնորհիվ», - նշվում է հետազոտության մեջ։
Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնը փաստում է, որ «հարկ չկա այս մեկ՝ կարճատև պատերազմի արդյունքը դիտարկել որպես հստակ ազդակ, որը կարող է վկայել ԱԹՍ-երի անգերազանցելիության մասին՝ ցամաքային համակարգերի և զրահատեխնիկայի նկատմամբ»։
Փաստաթղթում նշվում է նաև, որ հայկական կողմը Ադրբեջանին հնարավորություն է տվել հաջողությամբ կիրառել ԱԹՍ-երը՝ իր ՀՕՊ համակարգի մաշվածության ու անկազմակերպ կիրառման, քողարկման անհրաժեշտությունն անտեսելու, սեփական դիրքերի կահավորման խնդիրների պատճառով։
Ինչպես նշվում է հետազստության մեջ, Ադրբեջանը կարողացել է հաջողությամբ իրականացնել նաև մարտավարական հարձակվողական գործողություն։ Օպերացիային լայնորեն ներգրավվել են ցամաքային զորքերը, կիրառվել է հրետանի, այլ զրահատեխնիկա, հրթիռային համակարգեր ու հետևակի ստորաբաժանումներ։ Ակտիվ կիրառվել է նաև ավիացիա։