08/09/2021 14:35
44-օրյա պատերազմը չփակվող վերք է, իսկ սեպտեմբերի 21-ի «գունագեղ տոնակատարությամբ» այդ վերքի վրա, կարծես, աղ են լցնում. հրապարակախոս
44-օրյա պատերազմում այսքան զոհ ունենալուց հետո ոչ մի դեպքում չի կարելի սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում գունագեղ տոնակատարություն կազմակերպել։ Դա անարգանք է իրենց կյանքն անձնվիրաբար տված տղաների հիշատակին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գրող-հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը։
«Հայաստանի Հանրապետության անկախության օրը պետք է նշվի բոլորովին այլ կերպ. սեպտեմբերի 21-ին պետք է հայտարարվի, որ մեր երկրում այլևս ադրբեջանցի զինվորական չկա։ Դա իսկապես կլինի խոնարհում մեր նահատակների առաջ», - ասաց նա։
Մերուժան Տեր-Գուլանյանի համոզմամբ՝ սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տոնակատարություն կազմակերպելը մոտավորապես նույնն է, երբ մի քանի տարի առաջ իշխանությունները որոշեցին Քաղաքացու օր նշել։
«Այդպիսի մի բան են ուզում անել, ինչը ոչ միայն տհաճ, այլև պարզապես վիրավորական է։ Ես զարմանում եմ. ի՞նչ կարիք կա նմանօրինակ բաներ անելու։ Այս ամենի մեջ արգահատելի ինչ-որ բան կա։ Մի՞թե երևակայություն չունեն՝ այլ բան անելու, մտածելու։
44-օրյա պատերազմն, իր զոհերով, վերք է, որ չի փակվում, իսկ հիմա տոնական համերգով այդ վերքի վրա, կարծես, աղ են լցնում։
Մենք ոչ մի դեպքում չպետք է մոռանանք այն 5 հազար տղաներին, որոնք այլևս մեզ հետ չեն, որոնք այլևս երեխաներ չեն ունենալու. մի ամբողջ սերունդ ջնջվեց», - ասաց հրապարակախոսը՝ հավելելով, որ Անկախության օրը կարելի էր նշել ոչ թե տոնակատարությամբ, այլ, օրինակ, դեպի Եռաբլուր քայլերթով՝ ի նշան խոնարհումի։
Հիշեցնենք, որ կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու գունագեղ տոնակատարություն։ «Ու դա նվիրված է լինելու ՀՀ անկախության, անվտանգության ու Արցախի համար իրենց կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին», - ասել էր նա։