08/09/2021 13:09
Այն ժամանակ մեր երկիրը հնարավորություն չէր տալիս սխալվել, հիմա թույլ է տալիս սխալվել․ Քերոբյանի անկեղծ պատասխանը՝ սնանկ ճանաչվելու իր հորդորի վերաբերյալ
Իրականում այս հարցը մի քիչ ավելի փիլիսոփայական, բարձր մակարդակի վրա կոչվում է «սխալվելու իրավունք»։ Արդյոք մարդն ունի Հայաստանում սխալվելու իրավունք, թե՞ իր մի անգամ գործած սխալի համար պետք է մինչև կյանքի վերջ պատասխան տա, անդրադառնալով քաշաթաղցիների բողոքի ակցիայի ժամանակ քաղաքացիներից մեկին տված իր խորհրդին՝ լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Քերոբյանը կառավարության դիմաց կազմակերպված ակցիայի մասնակցին, որը վարկերի մարման խնդիր ուներ, ուղղորդել էր միտումնավոր սնանկ ճանաչվել։
«Ես ունեմ շատ մոտ բարեկամներ, ովքեր մի քանի անգամ ձախողվելուց հետո նոր հաջողության են հասել։ Այդ ժամանակ մեր երկիրը հնարավորություն չէր տալիս սխալվել։ Հիմա մեր երկիրը թույլ է տալիս սխալվել և, բնականաբար, ես որևիցե անօրինական բան չեմ առաջարկել, հակառակը, ասել եմ, որ կա այսպիսի իրավունք, և Դուք կարող եք օգտվել այդ իրավունքից», - ասաց նախարարը։
«Դա կոչ չէ, որպեսզի մարդիկ չվճարեն իրենց վարկերը։ Հակառակը, մենք պետք է կտրուկ բարձրացնենք մեր պատասխանատվությունը, մեր կարգապահությունը, բայց նաև պետք չէ մոռանալ այն հնարավորությունների մասին, որոնք օրենքը թույլ է տալիս անելանելի վիճակներում», - ասաց նա։