10/09/2021 17:21
Ռուսաստանը չի ծրագրում հինգ տարի հետո դուրս բերել խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղից. Վլադիմիր Եվսեև
Ռուսաստանը չի պատրաստվում դուրս բերել իր խաղաղապահ զորքերը Լեռնային Ղարաբաղից, «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է ռուսաստանցի ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը՝ մեկնաբանելով խաղաղապահ զորամիավորման նախկին հրամանատար Ռուստամ Մուրադովի հայտարարությունը:
«Ես կարծում եմ, որ Ռուսաստանը չի ծրագրում 5 տարվա ժամկետը լրանալուց հետո դուրս բերել խաղաղապահներին [Լեռնային Ղարաբաղից]: Բայց ամեն ինչ, իհարկե, կախված կլինի ընթացիկ իրավիճակից: Ադրբեջանն, անշուշտ, կփորձի ինչ-որ կերպ դուրս մղել ռուս խաղաղապահներին, բայց չեմ կարծում, թե նա կհաջողի»,- ասել է ռուսաստանցի փորձագետը:
Այս համատեքստում Եվսեևը նկատել է, որ պատերազմից գրեթե մեկ տարի անց Ադրբեջանն, ըստ էության, չի յուրացրել իր կողմից օկուպացված տարածքները:
«Ես այդքան էլ չեմ տեսնում՝ ինչպես է Ադրբեջանը յուրացնում Ղարաբաղը: Դա տեսանելի չէ: Ռազմական որոշ յուրացում կա, բայց տարածքների բնակեցում չի նկատվում: Ստացվում է, որ այն 7000 ադրբեջանցիները, որ կորցրել է Ադրբեջանը պատերազմում, անիմաստ են զոհվել: Ստացվում է՝ գրավել են տարածքներ, որտեղ ոչ ոք չի ապրում: Այդ դեպքում ի՞նչ իմաստ ուներ այդքան զոհեր տալը: Ի՞նչ են անում Լեռնային Ղարաբաղում, օրինակ, արաբները: Ինչո՞ւ նրանք այնտեղ հայտնվեցին: Հարցերը շատ են: Ուստի կարծում եմ, որ առայժմ վաղ է խոսել այն մասին՝ ինչ կլինի 4 տարի անց: Բայց ամեն դեպքում կարծում եմ, որ Ռուսաստանը չի պատրաստվում դուրս բերել խաղաղապահներին: Դա իմ անձնական տեսակետն է», - մեկնաբանել է Վլադիմիր Եվսեևը:
Արցախում 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն տեղակայված ռուսական խաղաղապահ զորամիավորման արդեն նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը Մախաչկալայում տեղի ունեցած մի հանդիպման ժամանակ ՏԱՍՍ-ի թղթակցին ասել է, որ խաղաղապահ առաքելության 5-ամյա ժամկետը լրանալուց հետո որոշում կընդունվի ռուսական խաղաղապահ առաքելության երկարաձգման վերաբերյալ: Մուրադովը նաև նշել է, որ դրական է գնահատում Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորքերի գործունեությունը: Գեներալի խոսքով՝ խաղաղապահների գնահատականը տալիս է Արցախի խաղաղ բնակչությունը:
Ռուստամ Մուրադովին հրամանատարի պաշտոնում ռոտացիայի սկզբունքով կփոխարինի գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովը, որը մինչ այդ զբաղեցրել է ՌԴ ԶՈՒ 58-րդ համազորային բանակի (Հարավային ռազմական օկրուգ) հրամանատարի տեղակալի պաշտոնը: Սեպտեմբերի 9-ին ՌԴ խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար Միխայիլ Կոսոբոկովին Երևանում ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը: