10/09/2021 12:53
Դանիան առաջինը Եվրամիությունում վերացրել է կորոնավիրուսային բոլոր սահմանափակումները
Դանիան դարձավ ԵՄ առաջին երկիրը, որն ամբողջությամբ վերացրել է երկրի ներսում կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված բոլոր սահմանափակող միջոցները, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Սեպտեմբերի 10-ից Դանիան չեղյալ է հայտարարել վերջին սահմանափակումը` գիշերային ակումբներ այցելելիս «պատվաստման անձնագրի» պարտադիր ներկայացումը: Այլ վայրերում, մասնավորապես՝ ռեստորաններում և մարզադահլիճներում, դրանք արդեն պահանջված չէին սեպտեմբերի 1-ից:
Ինչպես նշում են դանիական ԶԼՄ-ները, երկիրը վերադառնում է «նախահամաճարակային կյանքին»։ Երկրի բնակիչները դիմակներ չեն կրում, գրասենյակները կրկին լցված են աշխատակիցներով, դպրոցներն ու համալսարանները աշխատում են ամբողջ հզորությամբ:
Սեպտեմբերի 11-ին, Կոպենհագենում տեղի կունենա Եվրոպայում առաջին խոշոր համերգը, որին ներկա կլինի մոտ 50 հազար հանդիսատես:
Միևնույն ժամանակ, այլ երկրներից Դանիա ժամանողները պետք է տրամադրեն կամ պատվաստման փաստաթուղթ, կամ PCR բացասական թեստ: Օդանավակայաններում դիմակներ կրելը մնում է պարտադիր:
Դանիայի բնակչության ավելի քան 70%-ը ամբողջությամբ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: