11/09/2021 11:15
Մեր տղաները ոչ միայն Ալիևի և էրդողանի, այլև Նիկոլի պատանդներն են․ Արմեն Աշոտյան
Ռազմագերիների խնդիրն ամբողջությամբ առաջացել է այս դավադիր իշխանությունների պատճառով, որոնք նոյեմբերի 9-ից սկսած, եռակողմ հայտարարության հանրայնացման առաջին իսկ պահից մինչև այսօր չեն գործարկել այն ողջ գործիքակազմը, որը վաղուց թույլ կտար ռազմագերիների վերջնական փոխանակում և վերադարձ Հայաստան: Մեր տղաները ոչ միայն Ալիևի և էրդողանի, այլև Նիկոլի պատանդներն են։ Ես դա ամենայն պատասխանատվությամբ եմ ասում: Մեր տղաները գտնվում են Բաքվի բանտերում՝ որպես Նիկոլ Փաշինյանի պատանդներ, 168 TV-ի «Ռեվյու» հաղորդմանն ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա ընդգծել է, որ ՀՀ գործող իշխանությունները փորձում են հանրային գիտակցության մեջ ամրագրել, թե պատերազմը եղել և ավարտվել է, «ինչ եղել՝ եղել է», իսկ Թուրքիային և Ադրբեջանին միջազգային դիվանագիտական, իրավական լծակներով պատժելու որևէ ցանկություն չունեն։ Նրանց համար գոյություն չունեցող հարց է նաև Արցախի տարածքների դեօկուպացիան։
«Թշնամին մտել է, սպանել է, ավիրել է, նստած է մեր կոկորդին, իսկ ՀՀ իշխանությունները խոսում են խաղաղության դարաշրջանի մասին։ Խաղաղության դարաշրջան կարող է բացվել, երբ առնվազն արցախյան հակամարտության հանգուցալուծումը լինի ընկալելի արդարության և միջազգային իրավունքի տեսակետից: Նոր ստատուս-քվոն հակաիրավական է և անարդար, հետևաբար՝ խաղաղության մասին կարող ենք խոսել, երբ Հայաստանում վերականգնվի ազգային իշխանությունը, և Հայաստանը ունենա որոշակի ժամանակահատված՝ հատկապես ՌԴ-ի հետ իր ռազմավարական հարաբերությունները խորացնելու միջոցով վերականգնելու իր ռեսուրսը», - ասել է Աշոտյանը։