13/09/2021 10:29
Որևիցե մեկը որևիցե մեկին ոչ մի բան չի հանձնել. Ալեն Սիմոնյան
Մեկնարկել է ութերորդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանը:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը հայտարարեց, թե այս իշխանությունը բանավոր համաձայնությունների ներքո բոլորից գաղտնի Կովսականն ու Սանասարը հանձնել է Ադրբեջանին:
«Ի վերջո, ԱԺ ղեկավարն եք, մեր հայրենակիցներին ասելու որևէ բան չունե՞ք», - դիմելով Ալեն Սիմոնյանին՝ ասաց պատգամավորը:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հայտարարեց, թե ԱԺ նախագահը ներկայացնում է իշխող կուսակցությունը և գիտի՝ պաշտոնական տեղեկատվությունն այն է, ինչ իրականության հետ կա:
«Որևիցե մեկը որևիցե մեկին ոչ մի բան չի հանձնել, երբ որ հանձնել բառն է օգտագործվում, դա նշանակում է, որ բոլոր այն մարդիկ, ովքեր կռիվ են տվել ու զոհվել, նրանց գործողությունը եղել է հանձնման մասին: Եղել են դեպքեր, որ ինչ-որ քաղաքական գործիչներ գնացել ու զինվորներին առաջարկել են թողնել այդ դիրքերը՝ ասելով, որ ամեն ինչ որոշված է, հանձնված է, առաջարկել են գալ ու Երևանում խրամատ պահել ու Երևանում հարձակում անել, բայց դրա պատասխանը, կարծում եմ, մենք ստացանք», - ասաց ԱԺ նախագահը:
Նա նաև նշեց, որ Սյունիքում ստեղծված իրավիճակին տիրապետում է այնքանով, որքանով տրվել է պաշտոնական տեղեկատվություն։ Սիմոնյանը նաև նշեց, որ թեպետ միայն պաշտոնական ինֆորմացիայի է տիրապետում, սակայն եթե ավելին իմանար, չպետք է եթերով դրա մասին խոսեր, որովհետև հարցը վերաբերում է անվտանգությանը։ Նա պնդեց, որ Ադբեջանին ոչ ոք ոչինչ չի հանձնել։