13/09/2021 13:04
Եթե Կապան-Գորիս ճանապարհը մի քանի օր չաշխատի, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, Կապանի և Ագարակի կոմբինատները մեծ խնդիրներ են ունենալու. Գագիկ Աղաջանյան
Իրան-Հայաստան միջպետական ավտոճանապարհի Կապան-Գորիս հատվածում ստեղծված իրավիճակը խնդիր է առաջացնելու տնտեսության համար։
«Եթե մի քանի օր այդ ճանապարհը չաշխատի, օրինակ, տարածաշրջանի խոշորագույն հարկատուները՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, Կապանի և Ագարակի կոմբինատները խնդիրներ են ունենալու։ Այնքան փոխկապակցված հարցեր կան. այդ կոմբինատների արտադրանքը եթե երկրից դուրս չգա, տասնյակ հազարավոր տոննաներով բեռների պահեստավորում պետք է ապահովվեն։ Պահեստավորման խնդիրների պատճառով ստիպված են լինելու կանգնեցնել գործարանի աշխատանքը», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ապավեն» բեռնափոխադրող ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը։
Նա հիշեցրեց, որ երբ Վրաստանում 2008 թվականին երկաթուղային կամուրջ էր այրվել, Հայաստանը գրեթե կոլապսի մեջ էր հայտնվել։
«Ոչ մի դաս չքաղեցին, սրան պետք է պատրաստ լինել և խնդիրներին խորքային լուծումներ տալ։ Մի վարորդի մի դիպուկահար կխփի՝ մնացած բոլոր վարորդները կհրաժարվեն այդ ճանապարհով գնալ», - ընդգծեց Աղաջանյանը։
Նրա խոսքով, խնդրին պետք է ավելի խորքային անդրադառնալ և սկսել 2000-ականների սկզբներից, երբ իրենք զգուշացրել են, որ եթե Հայաստանը Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման թեկուզ 10 տոկոս հնարավորություն ունի, ապա այդ ճանապարհի կառուցումը միանշանակ պետք է սկսել Զանգեզուրի տարածաշրջանից։
«Այդ ռազմավարական նշանակության ճանապարհը պետք է հնարավորինս երկրի մեջով անցներ, այլ ոչ՝ սահմանային տարածքներով։ Դա չարվեց, նույնը վերաբերում է նաև երկաթուղուն։ Վանաձոր կայարանից երկաթուղին գնում է Գյումրի և Գյումրիից սահմանամերձ տարածքով է գալիս Մասիս և մտնում Երևան։ Մենք ասում ենք, որ պետք է ընդամենը 20 կմ երկարությամբ լրացուցիչ երկաթուղի կառուցել, Վանաձորից երկաթուղին թեքել դեպի Ֆիոլետովո, միացնել այն Հրազդանի գծին և երկաթուղին կանցնի Հայաստանի խորքով։ Դա ազգային անվտանգության հարց է և դեռ ուշ չէ։ Մի օր կարող է դա էլ փակվի», - ասաց Աղաջանյանը։
Նա ընդգծեց, որ սրա մասին է պետք խոսել, «թե չէ ինչ-որ մեկն եկավ այսօր ճանապարհը փակեց, վաղը ռուսները կգնան կբանակցեն, հետո մերոնք ինչ-որ մի զիջման կգնան... անլուրջ բաներ են»։
«Ապավեն» բեռնափոխադրող ընկերության գործադիր տնօրենը նշեց, որ երկիրը պետք է տրանսպորտային լուրջ ռազմավարություն ունենա մշակած, իսկ դրա մասին իրենք իշխանություններին ասել են դեռևս 15 տարի առաջ։
«Եթե տրանսպորտի վերաբերյալ ռազմավարություն լիներ, այսօր այս հարցերին չէինք անդրադառնա։ Սա մեր նախկին ղեկավարություններից անցած ժառանգություն է, ցավալի է, որ այդ ժառանությունը երևի նույն վիճակում էլ կժառանգենք հաջորդ սերունդներին», - ասաց Աղաջանյանը։
Լուծումն, ըստ նրա, մեկն է. պետք է մասնագետների հրավիրել, հարցնել՝ թե ինչ պետք է արվի առաջնային, ինչը՝ երկրորդային։
«Պետք է հասկանալ, թե ինչի վրա ենք գումար ծախսում։ Պետք է համարձակություն ունենալ և ասել, որ մենք մեզ այս բանից զրկում ենք, բայց փոխարենն ունենալու ենք սա և ունենալու ենք շատ արագ՝ մի քանի ամսում։ Տրանսպորտային ենթակառուցվածքն ազգային անվտանգություն է», - ասաց Աղաջանյանը։
Հիշեցնենք, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ադրբեջանցիների գործողությունների վերաբերյալ ՀՀ ԱԱԾ տարածած հայտարարության մեջ նշվում էր․ «Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ` Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում»։