13/09/2021 12:12
Ստեղծված իրավիճակում մարդիկ պարզապես կփորձեն խուսափել Հայաստան այդ ճանապարհով ապրանքներ ներմուծելուց. Իշխանական պատգամավոր
Որքանով ես եմ հասկանում, տեսականորեն հնարավոր է, որ այդպիսի բան լինի։ Քանի որ այդ ճանապարհի մի մասը իրենց է պատկանում, իրենք այդ մասում մեր կողմի ու ռուսական կողմի հետ ունեն պայմանավորվածություն, որ պետք է որոշակի ներկայացվածություն ունենան՝ որքանով ես գիտեմ մաքսատան հրապարակած ինֆորմացիայից։ Բայց որ կլինի այնպիսի իրավիճակ, որ իրենք կկանգնեցնեն երրորդ երկրից մեր երկիր մուտք գործող բեռնատարները, նման բան ես ինքս չէի կանխատեսում, անդրադառնալով Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի ոստիկանության կողմից իրանական բեռնատարների ստուգման փաստին՝ ճեպազրույցում ասաց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը։
Թունյանը մեկ այլ կանխատեսում, այնուամենայնիվ, արեց՝ ասելով, որ ստեղծված իրավիճակում «մարդիկ պարզապես կփորձեն խուսափել Հայաստան այդ ճանապարհով ապրանքներ ներմուծելուց»։
«Այսինքն, որևէ երկրի համար հաճելի չէ, երբ իր երկրի բեռնատարների համար լրացուցիչ խոչընդոտներ են ստեղծվում», - ասաց նա։
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահը հորդորեց սպասել իրավիճակի հանգուցալուծմանը։
«Իրավիճակը վերլուծելու համար պետք է բավարար ինֆորմացիա ունենալ՝ հասկանալու, թե այս պահին ինչ պրոցես է գնում, ինչ կարելի է սպասել, նոր գնահատականներ տալ։ Ես նման վերլուծություն այս պահին չեմ կարող անել», - ասաց Թունյանը։