14/09/2021 19:54
ՄԻՊ գրասենյակում համամիտ են, որ ԱԺ նախագահի՝ «հնարած տեսարան» ռեպլիկը առնչվել է պատգամավորի ելույթին, ոչ թե գերիների տանջանքների մասին զեկույցին
Ազգային ժողովի նախագահի խոսնակը մեկնաբանել է, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ռեպլիկը առնչվել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի ելույթին, ոչ թե ՄԻՊ-ի զեկույցում ներկայացված փաստերին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպանի մամուլի խոսնակ Նունե Հովսեփյանը։
«Այլ մեկնաբանություն չունենք», - ասաց Հովսեփյանը։
Հիշեցնենք, որ պատգամավոր Աննա Մկրտչյանի՝ Ադրբեջանում որպես պատանդ պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց խոշտանգումների վերաբերյալ ՄԻՊ-ի զեկույցի անդրադարձին այսօր ԱԺ դահլիճից նախ արձագանքել էր ՔՊ-ական սյունեցի պատգամավոր Մարինա Ղազարյանը՝ ասելով, որ ծնողները բողոքում են նման մանամասների հրապարակումից։
Դրան հետևել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետևյալ հայտարարությունը. «Ես էլ չհասկացա, անկեղծ ասած, հնարած տեսարաններն ինչի՞ համար էր պետք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում հնչեցնել»: