14/09/2021 16:57
Անձնագրային բաժանմունքներում արդեն ընդունվում են ժամկետը լրացած անձնագրերի՝ նորերով փոխանակման դիմումները. ոստիկանություն
Անձնագրային բաժանմունքներում արդեն ընդունվում են ժամկետը լրացած անձնագրերի՝ նորերով փոխանակման դիմումները, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։
«Ժամկետը լրացած անձնագրեր ունեցող քաղաքացիները կարող են դիմում ներկայացնել, փոխանակել։ Օրենքով սահմանված կարգով՝ դիմումներն արդեն ընդունվում են», - ասաց նա։
Հարցին՝ առանց որևէ խոչընդոտի ՀՀ անձնագիր կարող են ստանալ նաև ՀՀ քաղաքացիություն ստացած անձի՞նք, Գաբրիելյանը դրական պատասխան տվեց։
Ինչ վերաբերում է ID քարտերի տրամադրմանը, ապա, նրա խոսքով, այս գործընթացում որևէ խնդիր չկա։
Հիշեցնենք, որ անձնագրային բաժանմունքներում նոր անձնագրերի դեֆիցիտը ոստիկանությունն ավելի վաղ բացատրել էր կորոնավիրուսային համվարակով։
Վերջին շրջանում քաղաքացիների կողմից ահազանգեր են հնչում, որ Հայաստանի անձնագրային և վիզաների վարչության տարբեր բաժանմունքների աշխատակիցներ նոր անձնագիր ստանալու համար դիմողներին տեղեկացնում են, որ նոր անձնագրեր չկան, և պետք է սպասել 1 ամիս այն ստանալու համար: