14/09/2021 17:44
«Չհասկացա, թե այդ հնարած տեսարանները ինչի համար էր պետք ՀՀ ԱԺ-ում հնչեցնել»․ Ալեն Սիմոնյանը հայ գերիների խոշտանգման մասին ՄԻՊ-ի զեկույցից մեջբերումը չողջունեց
«Վարչապետի աթոռը զավթած անձի և իշխանական այլ աթոռներին նստած անձանց բառապաշարից մեջբերումներ անեմ․ իրենք ասում էին՝ գերիները կարող են մի երկու ամիս էլ մնալ Բաքվի բանտում, մեկ ուրիշն էլ հաստատում էր, որ Բաքվի բանտում հայերին շատ ավելի լավ են նայում ու պահում, քան մեզ մոտ։ Ինչպես իրենք կասեին՝ սա լկտի սուտ է։ Ավելին, անմարդկային է և ցինիզմ է», - խորհրդարանում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
Նա ներկայացրեց իրականությունը, թե ինչպես են Բաքվի բանտում վարվում հայերի հետ և մեջբերեց հատված՝ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցից։
«Հայ գերիներին ադրբեջանցիները ծեծելու համար ստեղծել են առանձին խմբեր, ծեծում են մինչև հայի գիտակցության կորուստը, սպասում, մինչև գիտակցության գա ու շարունակում ծեծել։ Ադրբեջանցիները եռման թեյ ու ջուր են լցնում հայ գերիների մարմինների վրա, այրվածքներ պատճառելուց հետո շարունակում են ծեծը, հետո ծեծում այնքան, մինչև մահանա։ Մահից հետո մի քանի օր դին թողնում են բանտախցում, սնվելու համար տալիս են 10 վայրկյան, ստիպում են ուտել գետնից, թքում են ուտելիքի մեջ ու ստիպում ուտել, կտրում են մարմնամասեր, ողջ-ողջ կապում են մեքենայից ու քարշ տալիս, զրկում են ջրից, քնից ու սննդից», - մեջբերումն ավարտեց պատգամավորը։
Աննա Մկրտչյանը հաջորդիվ հարցրեց իշխանություններից, թե սա՞ է արդյոք թուրքերի ուղարկած «դրական ազդակը»։
«Սա՞ է կառավարության շենքից երևացող «դրական ազդակը»։ Այսինքն, հային խոշտանգելը դրական ազդա՞կ է։ Այս ստին զուգահեռ իրականությունը պետք է ավարտել, և պետք է ավարտել այն ստի քարոզարշավը, որը վերնագրված է «Քո Նիկոլ»-ով»», - ասաց պատգամավորը։
Աննա Մկրտչյանի հայտարարությունից հետո դահլիճից լսվեց ՔՊ-ական պատգամավորների դժգոհությունը, թե գերիների ծնողները բողոքում են, որ այդպիսի բաներ են ասում։
Ապա միջամտեց նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա գերիների խոշտանգման մասին ՄԻՊ-ի փաստագրությունն, ըստ էության, «հորինված համարեց»։
«Ես էլ չհասկացա, անկեղծ ասած, թե այդ հնարած տեսարանները ինչի համար էր պետք ՀՀ ԱԺ-ում հնչեցնել», - «տարակուսեց» ԱԺ նախագահը։