14/09/2021 13:26
«Բռնությամբ մարդկանց քարշ տալով տարան». «Ֆիզգորոդոկի» բնակիչները Երևանի քաղաքապետարանի դիմաց են (Տեսանյութ)
«Ֆիզգորոդոկի» բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց: Նրանք փակել են փողոցը և իրենց բողոքն են արտահայտում:
«Կան բերման ենթարկվածներ։ Ոստիկանները կոպիտ ձևով, այնպես, ինչպես մեր գորոդոկում են արել, բռնությամբ մարդկանց քարշ տալով տարան։ Սա ապօրինություն է, երբ քաղաքացիներն իրենց անհնազանդությունն են հայտնում և քաղաքապետի հետ հանդիպում են պահանջում, իրենց բերման են ենթարկում», - ասաց բողոքի ակցիա իրականացնող Լուսինե Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ ակնհայտ ապօրինությունններով, բանավոր մեկ բան ասելով, հետո բոլորովին այլ բան անելով՝ իշխանությունները «Ֆիզգորոդուկում» գործն առաջ են տանում։
Քաղաքացին ասաց, որ կան բնակիչներ, ովքեր 20 օրից ավելի հաց չեն կերել, նրանցից մեկը նույնիսկ երեկ ջրադուլ է հայտարարել։
«Այդ մարդկանց կյանքին ու առողջությանը վտանգ է սպառնում այս և շատ ուրիշ կառույցների անգործության պատճառով», - ասաց քաղաքապետարանի դիմաց ակցիա իրականացնող Լուսինե Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ հուլիսին Երևանի «Ֆիզգորոդոկ» հատվածում քաղաքապետարանը թույլտվություն է տվել բարձրահարկ շենք կառուցելու։ Բնակիչները պայքարում են դրա դեմ։