14/09/2021 21:56
Պահեստազորի սերժանտի մահվան ու ևս մեկ զինծառայողի հրազենային վնասվածք ստանալու գործով ձերբակալվել է ծառայակիցը
2021թ. սեպտեմբերի 13-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում՝ մարտական հերթապահություն իրականացնող մեկ զինծառայողի հրազենային մահացու վնասվածք ստանալու և մեկ զինծառայողի հրազենային վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցված քրեական գործով ձերբակալվել է ծառայակիցը: Այդ մասին հայտնում է Քննչական կոմիտեն։
Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, ՔԿ-ն ավելի վաղ հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում, նախնական տվյալներով` մարտական ծառայության կազմակերպման կանոնների խախտման հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել պահեստազորի սերժանտ, 1978թ. ծնված Մկրտիչ Սերյոժայի Հովակիմյանը, հայտնում են ՊՆ-ից
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզում մարտական հենակետերից Կապանի «պոստերից» մեկում հնչել էին կրակոցներ։ Դեպքի վայր ժամանած տեղի ռազմական ոստիկանության ծառայողները պարզել են, որ կրակոցների հետևանքով մեկ պահեստազորային մահացել է, մեկ հոգի էլ հրազենային վնասվածքներ է ստացել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածը Երևանի բնակիչ՝ 43-ամյա Մկրտիչ Հ.-ն է, իսկ վիրավորը՝ Երևանի բնակիչ՝ 36-ամյա Լևոն Ս.-ն։