15/09/2021 18:06
«Մեր բոլոր նահատակները ընկել են, որ Հայաստանը ապրի». Փաշինյանն անդրադարձավ «գունագեղ տոնակատարությանը» (Տեսանյութ)
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի հետ ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հայտարարեց, որ չկա հանձնաժողով, որը կզբաղվի անհետ կորած զինծառայողների խնդրով:
Նա հարց հնչեցրեց, թե ի՞նչն է պատճառը, որ լուրջ մարմին չստեղծվեց անհետ կորածների հարցով զբաղվելու:
«Գուցե պատճառն այն է, որ այդ տղաների ծնողները խանգարո՞ւմ են, որ գունագեղ շոուներ լինեն, մի՞թե այս իրավիճակում, երբ ունենք գերիներ, անհետ կորած տղաներ, ունենք թարմ շիրիմներ, ավելի ընդունելի ձև չկար անկախության օրը նշելու, քան փայտով տղերքի ծնողների սիրտը փորփրելն էր գունագեղ շոուով, որը նվիրված է զոհված տղերքին», - հետաքրքրվեց Նազարյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե ինքը վերջին ամիսներին տասնյակից ավելի հանդիպում է ունեցել անհետ կորածների հարազատների հետ, բայց հանդիպումները չեն լուսաբանվել, իսկ անհետ կորածների հարցով զբաղվող մարմին կա:
«Ես ինքս եմ այդ հարցերը համակարգում ու մեր պետական մարմինները ամենաբարձր մակարդակաով զբաղվում են այդ հարցով», - ասաց Փաշինյանը:
Ինչ վերաբերվում է գունագեղ միջոցառումներին՝ վարչապետն ասաց, որ ինքը ներողություն է խնդրում բոլոր այն մարդկանցից, ում զգացմունքները որևէ կերպ վիրավոր կամ խոցել է նման ձևակերպված:
«Բայց ես ասել եմ, որ մեր տրամադրությունը, ցավոք սրտի, տոնական չէ, բայց նաև կա այլ խնդիր՝ Հայաստանը երեսուն տարեկան է ու նախատեսվող միջոցառման առանցքը հենց մեր նահատակների հիշատակի ընդգծումն է: Նախատեսվում է, որ սեպտեմբերի 21-ին հայտարարվելու է Հայաստանի անկախության ու արցախյան երեք պատերազմում ու պատերազմից դուրս իրենց կյանքը զոհած մեր եղբայրների ու քույրերի հիշատակը հավերժացնող մասշտաբային նախագծի մեկնարկի մասին, որի շուրջ մենք աշխատանքային քննարկումներ իրականացնում ենք արդեն շուրջ վեց ամիս», - ասաց Փաշինյանը:
Նա նշեց, թե ՀՀ անկախության որևէ տոնակատարություն չենք ունեցել 30 տարվա պատմության մեջ, երբ չունենանք անհետ կորածներ, չունենանք թարմ շիրիմներ Եռաբլուրում:
«Իմ ընկալմամբ՝ մեր բոլոր նահատակները ընկել են, որ Հայաստանը ապրի, ես այսպես եմ ընկալում ու կարծում եմ, որ սա պետք է լինի այն զոհողությունների մեկնաբանությունը, որոնք մենք ունեցել ենք, որ հայ ժողովուրդը ունեցել է», - նշեց վարչապետը:
Գեղամ Նազարյանն էլ ասաց, թե տղերքը զոհվել են ոչ թե նրա համար, որ իրենց հիշատակը ցինիզմով հարգեն, այլ, որ գոնե բոլորը սթափվեն ու փոխվեն:
«Էդ տղերքին հանգիստ թողեք, մի օգտագործեք: Դեռ ուշ չէ, եկեք քարը փեշներիցդ թափեք, հայտարարեք, որ ամբողջովին փոխվելու է ձևաչափը, հնչելու են միայն սիմֆոնիկ երաժշտություն ու վերջ», - նշեց Նազարյանը:
Վարչապետն ասաց, որ միջոցառումը ունի երկու վերնագիր, որից մեկը Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից մեկն է. Փաշինյանը Հովհաննես Թումանյանի խոսքերով էլ ավարտեց իր խոսքը: