15/09/2021 11:55
Մարտի 1-ի գործով դատախազությունը հայտնվել է փակուղու մեջ. փորձ է անում մեղադրանքի փոփոխման երրորդ ռեժիմը նվաճել. Արմեն Գևորգյանի պաշտպան
Վերաքննիչ քրեական դատարանում` նախագահությամբ Նարինե Հովակիմյանի, շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի կարճման վերաբերյալ պաշտպանների և դատախազների բողոքների գործով լսումները։
Գործով անցնող Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը դիմում էր ներկայացրել դատարան՝ նշելով, որ բարեկամի մահվան պատճառով չի կարող ներկայանալ դատական նիստին և խնդրել էր բացակայութունը համարել հարգելի։
Տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը հայտարարեց, թե այս գործով Առաջին ատյանի դատարանի որոշումը հիմնավոր չէ։
Փաստաբանի խոսքով՝ այս գործով 12 տարի մեղադրյալներ են ներգրավվել անձինք, որոնք մինչև այսօր պատասխանատվության չեն ենթարկվել։
Սաֆարյանը դատարանում կարդում էր մեղադրական եզրակացությունը, դատավոր Նարինե Հովակիմյանն էլ ասաց, թե մեղադրական եզրակացությունը բոլորին քաջ ծանոթ է, կարիք չկա ամբողջությամբ այն ընթերցելու։
Տուժող Անդրանիկ Կետիկյանն էլ բողոք է ներկայացրել դատարան՝ պահանջելով, որ իր նկատմամբ ոտնձգություն իրականացնող անձինք պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության։
Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն էլ ասաց, որ Առաջին ատյանի դատարանը կայացրել է օրինական որոշում։
«Դատարանը գործել է շատ ճիշտ», - ասաց նա։
Ինչ վերաբերում է մեղադրանքի փոփոխման ռեժիմին՝ Ալեքսանյանն ասաց, որ դատախազությունը, հայտնվելով փակուղու մեջ, փորձ է անում մեղադրանքի փոփոխման երրորդ ռեժիմը նվաճել Սահմանադրական դատարանի միջոցով։
«Դատարանի որոշման մեջ առկա չեն այնպիսի ձևակերպումներ, որոնք կարող են նպաստել, որ որոշումը պատճառաբանված չէ», - ասաց Արմեն Գևորգյյանի պաշտպանը։
Հիշեցնենք՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, 2021 թվականի ապրիլի 6-ին կայացրել է որոշում Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300․1-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական հետապնդումը հանցագործության դեպքի բացակայության հիմքով դադարեցնելու և վարույթը կարճելու մասին։
Ըստ դատարանի որոշման՝ «բացակայում է քրեական գործի վարույթը շարունակելու որևէ իրավաչափ հիմք»։
Ըստ մեղադրող կողմի՝ դատարանը չի անդրադարձել, թե քրեական դատավարության ո՞ր նորմերին հղում կատարելով դադարեցրեց քրեական հետապնդումը Քոչարյանի և մյուսների նկատմամբ
Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը: ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը սահմանում է սահմանադրական կարգի տապալումը, որով մեղադրանք էր առաջադրված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին։