15/09/2021 11:25
Հայկական ԱԷԿ-ի մասնագետները յուրացնում են Բալակովոյի ԱԷԿ-ի փորձը՝ անձնակազմի պատրաստման ոլորտում
2021 թվականի սեպտեմբերի 6-ից 11-ը ԱԷԿ-երը շահագործող կազմակերպությունների համաշխարհային ասոցիացիայի Մոսկովյան կենտրոնի (ՇՀԿԱ ՄԿ) աջակցությամբ Հայկական ԱԷԿ-ի ուսումնա-մարզական բաժնի մասնագետներն այցելեցին Բալակովոյի ատոմակայան: Միջազգային այցը նվիրված էր կադրերի պատրաստման ոլորտում լավագույն փորձի փոխանակմանը:
Հինգօրյա հանդիպման ընթացքում Բալակովոյի ԱԷԿ-ի ուսումնա-մարզական կենտրոնի (ՈՒՄԿ) աշխատակիցներն իրենց հայ գործընկերներին ծանոթացրին անձնակազմի վերապատրաստման և որակավորման պահպանման համակարգին, դասերի թեմաներին և լսարանների և լաբորատորիաների տեխնիկական հագեցվածությանը:
«Մեր ուսումնա-մարզական կենտրոնը, որը ստեղծվել է 1987 թվականին, մասնագիտական կրթության լիարժեք հաստատություն է», - ասում է Բալակովոյի ԱԷԿ-ի ուսումնական կենտրոնի ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Նեգոդյաևը: - Կենտրոնի բոլոր հրահանգիչները բարձրագույն կրթությամբ և ատոմակայանում աշխատանքի մեծ փորձ ունեցող մասնագետներ են: Կենտրոնի կառուցվածքում են անձնակազմի վերապատրաստման մի քանի ստորաբաժանումներ, ուսումնամեթոդական աջակցության բաժին, ուսուցման և սպասարկման կազմակերպում: Կենտրոնի հրահանգիչները մշակում են ոչ միայն ուսումնական նյութեր, այլև կայանի աշխատակիցների մասնագիտական զարգացման ռազմավարություն: Միայն անցյալ տարի որակավորման պահպանման ծրագրով վերապատրաստվել է 2 252 մարդ, իսկ որակավորումը բարձրացնելու համար ՝ 2100 մասնագետ»:
Հայաստանի փորձագետները ծանոթացան Բալակովոյի ԱԷԿ -ի՝ կադրերի սխալները կանխելու, ատոմակայանի անվտանգ աշխատանքի համար կրիտիկական գիտելիքներ պահպանելու պրակտիկաներին: Նրանք մասնակցեցին նաև մի քանի գործնական պարապմունքների, որոնք անցկացվեցին լայնածավալ սիմուլյատորի` Բալակովոյի ԱԷԿ-ի նախատիպ-էներգաբլոկի թվային անալոգի վրա, դիտեցին կառավարման վահանակի հերթափոխերի դասընթացը` ըստ տարբեր ուսումնական սցենարների:
«Այս գաղափարը ծագեց դեռևս 2017 թվականին՝ մեր ատոմակայանում ՇՀԿԱ Մոսկովյան կենտրոնի տեխնիկական աջակցության առաքելության ժամանակ: Ուսումնական կենտրոնի գործունեության ուսումնասիրման նպատակով Բալակովոյի ատոմակայան այցելությունը ՇՀԿԱ-ի փորձագետների առաջարկություններից մեկն էր», - ընդգծեց Հայկական ԱԷԿ -ի ուսման տեխնիկական միջոցների գծով ուսումնա-մարզական ստորաբաժանման պետի տեղակալ Ահարոն Մանուկյանը: - «Մեր կայանում մենք ևս համակարգված աշխատանքներ ենք տանում անձնակազմի վերապատրաստման ուղղությամբ, և այն գործելակերպերը, որոնք մենք հանդիպեցինք այստեղ, շատ օգտակար կլինեն մեր աշխատանքը բարելավելու համար: Մեզ հատկապես հետաքրքրեց կրիտիկական գիտելիքների պահպանման Բալակովոյի գործընկերների մեթոդաբանությունը»: