15/09/2021 09:38
«Ժողովուրդ». Իշխանությունը բանագնաց Վիտալի Բալասանյանին ուղարկել է Արմեն Չարչյանին համոզելու
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանությունն ամեն ձևով ցանկանում է ԱԺ «Հայաստան» խմբակցությունը «լուծարել»: Նպատակ է դրված, որ խմբակցության այն պատգամավորները, ովքեր այս պահին կալանքի տակ են գտնվում, հրաժարվեն իրենց պատգամավորական մանդատներից ու դուրս գան քաղաքականությունից:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ այժմ իշխությունը լծված է բժիշկ Արմեն Չարչյանին «չեզոքացնելու» ու նրան քաղաքականությունից հեռացնելու գործին: Նշենք, որ թեև նրա առողջական վիճակը ծայրահեղ վատ է, բայց նա պահվում է կալանքի տակ: Իշխանության մեր աղբյուրն երը փոխանցում են, որ օրերս անգամ բանագնաց են ուղարկել հիվանդանոց՝ Չարչյանի մոտ, որ նրան համոզեն դուրս գալ քաղաքականությունից: Մեր աղբյուրները փոխանցում են, և դա տարօրինակ է, որ բանագնացը եղել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը: Վերջինս Չարչյանին հորդորել է հրաժարվել պատգամավորական մանդատից ու զբաղվել բժշկությամբ, որի դիմաց իշխանությունը կմոռանա իր դեմ հարուցված քրեական գործը: Չարչյանը, սակայն, կտրականապես մերժել է:
Մենք երեք օր շարունակ փորձում ենք այս հարցի շուրջ զրուցել Վիտալի Բալասանյանի հետ, սակայն վերջինս մեր հեռախոսազանգերին չի պատասխանում: Մենք փորձեցինք այս հարցի հետ կապված զրուցել նաև Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանի հետ՝ պարզելու համար՝ արդյոք Բալասանյանն այցելել է Չարչյանին: «Ես նման տեղեկություններ չունեմ, պարոն Չարչյանի հետ ամեն օր եմ հանդիպում, բայց ինքը ինձ նման տեղեկություն չի փոխանցել: Ասեմ ավելին՝ պարոն Չարչյանին իմանալով՝ նա ինչ-որ բանի դիմաց ինչ-որ գործողությունների չէր գնա, բայց ես այլ տեղեկություններ չունեմ»,-եզրափակեց փաստաբանը»։