15/09/2021 18:09
Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագծի թեմայով որևէ բանակցություն չի ընթանում. վարչապետ (Տեսանյութ)
Հայաստանի կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ որևէ բանակցություն չի ընթանում Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագծի թեմայով, ԱԺ կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Աշխատանքային քննարկումներ են տեղի ունեցել Արցախի իշխանությունների և ռուս խաղաղապահ ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Մեր մասնագետներն իքս պահից կմիանան, կձևակերպվի կոնկրետ առաջարկ, այդ առաջարկները կքննարկվեն։ Դա պետք է տեղի ունենա կողմերի համաձայնությամբ, այդ քննարկումների ընթացքում կարվի առավելագույնը, որ Արցախի ժողովրդի և ՀՀ շահերը առավելագույնս պահպանվեն», - ասաց վարչապետը՝ պատասխանելով «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանի հարցին։
Պատգամավորն ասաց, թե արցախցիների մոտ մտավախություն կա, որ նոր երթուղին շրջանցելու է ոչ միայն Քաշաթաղի շրջանի Բերձոր, Սուս և Աղավնո համայնքները, այլ` Շուշիի շրջանի Հին Շեն, Մեծ Շեն և Եղցահող, Կանաչ թալա, Լիսագոր, Տասը վերստ գյուղերը։
Աբրահամյանը վարչապետից հետաքրքրվեց, թե կարո՞ղ է երաշխավորել, որ չի հաստատվի Հայաստանն Արցախին կապող այնպիսի երթուղի, որի դեպքում նշված համայնքները ավտոմատ կերպով կանցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ՝ թեկուզ անկլավի կարգավիճակով։
«Արցախի և Հայաստանի իշխանություններն ամեն ինչ կանեն, որպեսզի Ձեր նշնած սցենարները տեղի չունենան», - ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով նաև, թե կիսում է պատգամավորի մտքերի ընթացքը։