16/09/2021 18:37
Ես առաջարկեցի, որ գա, տեղում ծանոթանա խնդիրներին, ասացի՝ կարող է Ձեր մոտեցումը փոխվել մեր համայնքի նկատմամբ․ Գեղամասարի համայնքապետը հանդիպել է մարզպետի հետ
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի բնակիչներն այսօր առավոտյան փակել էին Վարդենիս-Սոթք ճանապարհը՝ կտրականապես դեմ արտահայտվելով համայնքների խոշորացմանը և պնդելով, որ կառավարությունն առաջին հերթին պետք է լուծի իրենց անվտանգային խնդիրները։
Ավելի ուշ Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանն իր աշխատակազմի աշխատակիցների հետ հրավիրվել էր ոստիկանություն, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում լուրը հաստատել էր ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։ «Ակցիայի շրջանակում զրուցելու, խորհրդակցելու նպատակով են հրավիրվել։ Այս պահին ինքը մենակ չէ ոստիկանական բաժանմունքում», - ասել էր նա։
Ոստիկանության բաժնից դուրս գալուց հետո Գեղամասար համայնքի ղեկավարը armlur.am-ի թղթակցին հայտնել է իրեն այդտեղ հրավիրելու պատճառները։
«Կանչել էին ոստիկանություն, որպեսզի ճանապարհ չփակվի, բայց մենք էլ ասացինք, որ կառավարությունը պետք է հասկանա, որ մարդկանց մոտ դժգոհություն է։ Մեզ հաճելի չէ, մարդիկ պարապ էլ չեն՝ իրենց գործերը թողնեն, գան այդտեղ (բողոքի ակցիայի-խմբ․)։ Բայց երբ տեսնում են, որ արհամարհված են, ստիպված ծայրահեղ քայլերի են գնում», - նշել է Հակոբ Ավետյանը։
Ավելի ուշ Հակոբ Ավետյանը հանդիպում է ունեցել նաև Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ։ Մարզպետը նրան խոստացել է երկու օրից այցելել համայնք։
«Ես առաջարկեցի, որ գա, տեղում ծանոթանա խնդիրներին, որովհետև երբ տեղում ես լինում, պատկերացումներդ փոխվում են։ Ասացի՝ կարող է Ձեր մոտեցումը փոխվի մեր համայնքի նկատմամբ ու զգաք, որ ճիշտն իրականում այն է, որ համայնքը մնա նույնը։ Ոչ մի բան չխոստացավ, որ խոշորացումը կարող է վերանայվել, բայց ասաց, որ կգա, տեղում կծանոթանա»,- ասել է Հակոբ Ավետյանը։
Նա նշել է նաև, որ եթե մարզպետը դիրքորոշումը չփոխի, բնակիչների դժգոհությունն էլ անփոփոխ կմնա։