16/09/2021 14:39
Գորիսում՝ ԱԱԾ անցակետի մոտ, իրանական բեռնատարների 2-3 կմ խցանումներ են. մեքենաները Կապան չեն շարժվում, քանի որ ադրբեջանցիներին վճարելու գումար չունեն. Գորիսի փոխքաղաքապետ
Տեղեկատվությունը, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն իրանցի վարորդների համար փակել է Գորիս-Կապան ճանապարհը, իրականությանը չի համապատասխանում։ Իրանական բեռնատարներն ընդամենը հավաքվել են ԱԱԾ անցակետի մոտ և դեպի Կապան չեն շարժվում զուտ նրա համար, որ ադրբեջանցի ոստիկաններին վճարելու գումար չունեն, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետի տեղակալ Կարո Քոչարյանը։
«Իրանցի վարորդները սպասում են, որ իրենց գործատուները գումար ուղարկեն, իրենք էլ ադրբեջանցիներին մուծում կատարեն, անցնեն։ Մեր ԱԱԾ-ն հսկում է իրավիճակը, հետևում կարգուկանոնին, որովհետև կուտակումներն այստեղ շատ մեծ են, 2-3 կիլոմետրանոց խցանումներ են առաջացել», - ասաց մեր զրուցակիցը։
Կարո Քոչարյանի խոսքով՝ իրանցի վարորդներից ով գումար ունի, վճարում և անարգել անցնում է, իսկ նրանք, որոնք չունեն, ստիպված սպասում են։
«Մեղրիի կողմից Հայաստան մտնելու համար ադրբեջանցիներն իրանցիներից պահանջում են 130 դոլար, Գորիսից Մեղրի գնալու համար՝ 250 դոլար», - տեղեկացրեց Գորիսի փոխքաղաքապետը։
Նա միաժամանակ տեղեկացրեց, որ ԱԱԾ աշատակիցներից բացի՝ այլ գերատեսչության ներկայացուցիչների չի հանդիպել, կառավարությունից որևէ մեկը տեղում չէ՝ հասկանալու և կանոնակարգելու իրավիճակը։