16/09/2021 09:59
«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանն անձամբ է որոշում, թե արտախորհրդարանական ուժերից որոնք են ընդգրկվելու քննիչ հանձնաժողովի կազմում
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անձամբ է որոշում, թե արտախորհրդարանական ուժերից որոնք պետք է ընդգրկված լինեն 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմում։ Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն երկու անգամ հանդիպում է ունեցել արտախորհրդարանական ուժերի հետ և առաջարկել համագործակցել տարբեր ոլորտներում, այդ թվում` ներկայացվածություն ունենալ քննիչ հանձնաժողովի կազմում։
Թերթի տեղեկություններով՝ վերջին հանդիպման ժամանակ հստակեցվել է ցանկը, և չնայած ի սկզբանե առաջարկ է եղել, որ բոլոր ներկա ուժերն էլ լինեն, սակայն թերթը տեղեկացել է, որ այդ առաջարկին դեմ է եղել Անդրանիկ Քոչարյանը՝ ասելով, թե այդպես նիստերի տևողությունը կերկարի, անբովանդակ կխոսեն, և որոշում է կայացրել կանգ առնել երեք արտախորհրդարանական ուժի վրա և նրանց ներկայացնել հանձնաժողովին։ Բացի այդ, «ԱԺ կանոնակարգ»-ի համաձայն՝ հանձնաժողովի կազմում պետք է ընդգրկված լինեն Պաշտպանության հանձնաժողովի բոլոր անդամները։
Այս ամենը, սակայն, համակարգում է հենց Անդրանիկ Քոչարյանը և որոշում բոլոր հարցերը, ընդ որում՝ արդեն իսկ հանձնարարված է, որ ամեն ինչ պետք է փակ, գաղտնի արվի։
«ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ արտախորհրդարանական ուժերից ընդգրկված կլինեն Սամվել Բաբայանի, Դավիթ Սանասարյանի և Նորայր Նորիկյանի գլխավորած ուժերը։