16/09/2021 15:30
Վատագույն դեպքում «պլան Բ» ունենք․ նախատեսվում է մոտ 1 մլրդ դոլար ներդնել Քաջարան-Սիսիան հատվածի շինարարության մեջ․ Քերոբյան
Բանակցություններն անընդհատ են տեղի ունենում և տարբեր մակարդակների վրա։ Շփումն անընդհատ կա՝ թե՛ դիվանագետների, թե՛ ռազմական գործիչների, թե՛ անվտանգության ծառայությունների միջև, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ադրբեջանցիների գործողությունները դադարեցնելու ուղղությամբ իշխանության ձեռնարկած քայլերին՝ ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Խնդրի լուծման տարբերակներ նա համարեց նաև սահմանների դեմարկացիան ու դելիմիտացիան, իսկ ադրբեջանցիների կողմից իրանական բեռնատարները կանգնեցնելու, Հայաստան մտնելու համար հավելյալ խոչընդոտներ ստեղծելու, դրա հետևանքով Հայաստանում ապրանքների դեֆիցիտի ռիսկի մասին հարցերին ի պատասխան վստահեցրեց, որ վատագույն դեպքում գործի կդրվի «պլան Բ-ն»։
«Ես շատ լավ գիտեմ Իրանի հետ առևտրի բաղադրությունը, բայց չեմ կարծում, որ խոշոր չափի պրոբլեմ կա: Իհարկե, խոչընդոտ է առաջացել, և վստահ եմ՝ այդ խոչընդոտը կհաղթահարվի շատ մոտ ապագայում, բայց գիտեք, որ կա շրջանցիկ ճանապարհ, որը լավը չի, բայց աշխատող ճանապարհ է, և վատագույն դեպքում մենք այդ «պլան Բ-ն» ունենք», - ասաց նա։
Քերոբյանը հայտնեց նաև, որ ինտենսիվ աշխատանքներ են իրականացնում, որպեսզի այդ ճանապարհն անցնելու համար դառնա ավելի հարմար:
«Ինչպես գիտեք «Հյուսիս-Հարավ»-ի Քաջարան-Սիսիան հատվածի առումով արդեն շատ մոտ ենք գործնական, խոշոր քայլեր անելուն: Կառավարությունն, իմիջիայլոց, նախատեսում է մոտավորապես 1 մլրդ դոլար (487 մլրդ դրամ) ներդնել Քաջարան-Սիսիան հատվածի շինարարության մեջ», - նշեց Վահան Քերոբյանը։