16/09/2021 12:13
Պետք է «ռուչնոյ ուպրավլենիայով» խնդիրները լուծենք․ Վահան Քերոբյան
Կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վստահեցրեց, որ ամեն ինչ արվում է, որպեսզի խաղողագործների խնդիրը լուծվի, բերքը «գետնին չմնա», խաղողի մթերումն իրականացվի ավելի մեծ տեմպով։
«Բոլոր հարցերը հետևանք են նրա, որ անցյալ տարի շատ քիչ է կոնյակ սպառվել, և ընկերությունները ցածր սպառման պայմաններում բավականաչափ մթերել են, պաշարներն ու վաճառքը պիտի բալանսավորվեն, որպեսզի նորից ընկնենք նորմալ աշխատանքային ցիկլի մեջ, իսկ մինչ այդ պետք է «ռուչնոյ ուպրավլենիայով» խնդիրները լուծենք», - ասաց նա։
Քերոբյանը իր նշած «ձևաչափով» խնդիրների լուծմանն ուղղված քայլեր թվարկեց։ Օրինակները միայն վարկեր ու գումար վերցնելուն էին վերաբերում։
«Դե, մոտավորապես երկու շաբաթ առաջ մթերման վարկերի սուբսիդավորման կարգում փոփոխություններ արեցինք, որպեսզի թույլ տանք, որ ավելի մեծ չափի վարկեր վերցնեն ու կարողանան ավելի շատ մթերել, դրանից առաջ պետական երաշխիքների ինստիտուտն էինք մտցրել, որպեսզի ընկերությունները, որոնք գրավի խնդիր ունեն, կարողանան օգտվել պետական երաշխիքներից ու վերցնեն անհրաժեշտ գումարի վարկեր, որպեսզի կարողանան մթերել ավելի շատ», - ասաց Քերոբյանը։
Նա վստահեցրեց, որ աշխատանքն անընդհատ է, ունի շատ մեծ դիապազոն։