16/09/2021 15:17
Հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունների ներուժը չի իրացվում իր ողջ ծավալով. Ալեն Սիմոնյան
Հայաստանում իրանական ներդրումների և Իրանում հայկական ներդրումների ցուցանիշները փաստում են, որ հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունների ներուժը չի իրացվում իր ողջ ծավալով: Այդ մասին ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ հանդիպման ժամանակ:
ԱԺ լրատվական ծառայությունից հայտնում են, որ Սիմոնյանի խոսքով, հայկական կողմի տեսանկյունից Իրանը վստահելի ընկեր և լավ հարևան է:
Ալեն Սիմոնյանը կարևորել է հայ-իրանական փոխգործակցությունը տարածաշրջանային ռազմավարական ենթակառուցվածքների զարգացման գործում, ինչպես նաև տարածաշրջանային ռազմաքաղաքական անվտանգային հարցերում:
Նա ընդգծել է, որ Հայաստանը ձգտում է պահպանել և առավել ամրապնդել քաղաքական ու տնտեսական ոլորտների երկխոսության և առեւտրային համագործակցության շարունակական աճը: Այս իմաստով խորհրդարանի ղեկավարն ուշադրություն հրավիրեց հատկապես այն փաստի վրա, որ 2020 թվականի ընթացքում, չնայած COVID-19-ի տարածմանը և դրա բացասական հետեւանքներին, հայ-իրանական առեւտրաշրջանառությունը լրջագույն փոփոխությունների չի ենթարկվել, իսկ արտահանումը նույնիսկ որոշ չափով աճել է:
Իր հերթին, Իրանի դեսպանն ասել է, որ զգալի է հայկական մշակութային ժառանգության դերը իրանցիների կյանքում, իսկ հայկական համայնքը բավականին ակտիվ և ընդգրկուն է ներկայացված Իրանում: