17/09/2021 15:44
Ադրբեջանցիները կանգնեցրել են Կապանից Գորիս վերադարձող, զինվորներին հաց տարած հայկական ավտոմեքենան. հայհոյանք և լկտի բառապաշար են գործածել. Գորիսի փոխքաղաքապետ
Երեկ երեկոյան ադրբեջանցիները կանգնեցրել են Կապանից Գորիս վերադարձող, զինվորներին հաց տարած ավտոմեքենան, հայհոյանքներով, լկտի բառապաշարով խոսել վարորդի և նրա հետ գտնվող երկու որոտանցի երիտասարդների հետ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետի տեղակալ Կարո Քոչարյանը։
Նրա խոսքով, վարորդն ու երկու ուղևորները շատ են վախեցել, ընդհուպ՝ վարորդն այսօր չի համաձայնել առանց ուղեկցության Կապան մեկնել։ Հացի մեքենային ուղեկցել են ռուս և հայ զինվորականները։
«Ադրբեջանցիները շատ լկտի ձևով մոտեցել, հայհոյանքներով արտահայտվել են ու ճանապարհել։ Ջահելները շատ են վախեցել», - ասաց Քոչարյանը։
Ինչ վերաբերում է Գորիս-Կապան ավտոճանապարհին այսօր տիրող վիճակին՝ մեր զրուցակիցն ասաց՝ կուտակումներն անհամեմատ թեթև են, խցանման մեջ գերակշռում են հեղուկ գազ տեղափոխող բեռնատարները։