17/09/2021 11:48
ԱԺ պատգամավորները կրկին պարգևավճար են ստացել. «Հայաստան» խմբակցությունը հրաժարվել է գումարից. կդիմեն ՍԴ
Ազգային ժողովի պատգամավորները, այդ թվում, ընդդիմադիրները, ստացել են պարգևավճարներ։
«Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն ասաց, թե դա տեղի է ունեցել րոպեներ առաջ, շատ մանրամասների տեղյակ չէ, սակայն ենթադրում է՝ անկախության տոնով է պայմանավորված։
«Սա մեզ համար անընդունելի է, «Հայաստան» դաշինքի անունից հայտարարում ենք, որ մենք չենք օգտվելու այդ պարգևավճարներից, մեզ համար դա անընդունելի ու դատապարտելի է, երբ երկրում կան սոցիալական ծանր խնդիրներ, կան 10 հազարից ավելի վիրավորներ ու հաշմանդամություն ունեցող անձինք ու այս իրավիճակում պետական պաշտոնյաները շարունակում են պարգևավճար ստանալ», - ասաց նա։
Սաղաթելյանը նշեց, որ այդ գումարից չեն օգտվելու՝ կամ կվերադարձնեն պետական բյուջե, կամ Հայաստանի սահմանամերձ մարզերում այդ գումարով կիրականացնեն որևէ ծրագիր։
ԱԺ փոխնախագահի խոսքով՝ պարգևավճարների հետ կապված պատրաստվում են բողոք ներկայացնել ՀՀ սահմանադրական դատարան՝ գտնելով, որ դա ապօրինի գործընթաց է։