17/09/2021 12:10
Մեր պահանջը Հայաստանի կառավարությունից էն ա, որ Արայիկ Հարությունյանին վերահսկեն. Արցախում կոռուպցիան նորից լայն թափ է հավաքել. արցախցի
Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Արցախի տարբեր շրջաններից տեղահանված բնակիչները։ Նրանց մի մասը բողոքում է բնակեցման, բնակարանների կառուցման հարցերից, մյուս մասն էլ՝ տրամադրվող սոցիալական աջակցությունից և փոխհատուցումներից։
«Սոցիալական անարդարություն է այսօր տիրում Արցախում։ Ես չգիտեմ պատերազմում պարտված որևէ պետություն, որտեղ փոխհատուցում տրվել է, ինչու է մեր հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը որոշել, որ կարելի է փոխհատուցում տալ։ Մի պարզ պատճառով, որովհետև Արաքսի ափից մինչև Քարվաճառ լրիվ եղել է Արայիկ Հարությունյանինը, թե՛ խաղողի այգիները, թե՛ արտերը, ՀԷԿ-երը, գործարանները, ամբողջն իրենն է եղել և փոխհատուցումն ինքն է ստանում», - ասաց ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկը։
Նա նշեց, թե ժողովուրդը պահաջել է, որ այդ փոխհատուցումները հանրայնացնեն, սակայն, նրա խոսքով, որևէ բան հանրայնացված չէ։
«Մեր պահանջը Հայաստանի կառավարությունից էն ա, որ Արայիկ Հարությունյանին վերահսկեն։ Արցախում թափանցիկություն չկա։ Արցախում կոռուպցիան նորից լայն թափ է հավաքել և այստեղից ուղարկած գումարները ճիշտ ու նպատակային չեն օգտագործում», - ասաց քաղաքացին։