17/09/2021 09:58
«Հրապարակ». «Լիդիանն» ուզում են վաճառել, ռուսները հետաքրքրված են
«Հրապարակ» թերթը գրում է. «Ամուլսարը, որի շահագործումը հետաձգվեց նախ Ամուլսարի պահապանների, տարբեր բնապահպանների, քաղաքական-հասարակական գործիչների կոշտ արձագանքից, ապա դրան հետևած՝ իշխանությունների սպասողական կեցվածքից հետո, ինչպեսև կորոնավիրուսի, պատերազմի, հետպատերազմյան իրողությունների պատճառով, դեռ վաղուցվանից հետաքրքրում էր ռուսներին։ Այդ մասին պարբերաբար լուրեր էին շրջանառվում:
Երբ Ամուլսարի մոտ դիրքեր խփած ու այն պահպանող ակտիվիստների և «Լիդիան Արմենիայի» միջև բախումներ էին տեղի ունենում, կամ դրանց հետ կապված մայրաքաղաքում ակցիաներ էին լինում, ուղղափառ արևմտամետ գործիչ Արամ Զավենի Սարգսյանը հայտարարում էր, թե այդ տրամադրությունները հրահրվում և գեներացվում են ռուսների ֆինանսավորմամբ։ Նա պարբերաբար կոչ էր անում` վերսկսել Ամուլսարի շինարարությունը և գործարկել հանքի արդյունահանումը: Ռուսական մամուլն իրապես չեզոք կամ բացասական նրբերանգներով (օրինակ՝ Lenta.ru-ի մի վերնագիր․ «Ամուլսարի դժվար ոսկին») էր անդրադառնում «Լիդիանի» կողմից հանքի շահագործման հնարավորություններին։
Բայց անցավ ժամանակ, բնապահպանական խնդիրները մղվեցին հետին պլան, Ամուլսարի դեմ անդուլ պայքարողները հետ քաշվեցին, ոմանք ասում են` ֆինանսավորումն ավարտվեց, և լուրեր տարածվեցին, որ «ռուսներն առել են Ամուլսարը»: Ջերմուկ համայնքի մեր աղբյուրներն ասում են, որ հանքը ներկա պահին տնօրինվում է ռուսական ընկերության կողմից։
ՔՈ-ից հեռացած Սուրեն Սահակյանը, որը մշտապես պայքարում էր, որ Ամուլսարը սար մնա, մեզ հետ զրույցում ասաց. «Ես տեղյակ եմ, որ չի շահագործվում, ռուսները դեռ չեն մտել։ «Լիդիանի» կողմից ինչ-որ ցանկություն կա՝ վաճառելու, պոտենցիալ գնորդները, որքան գիտեմ՝ ռուսներ են, բայց նման գործարք դեռ տեղի չի ունեցել»։
Այլ աղբյուրից ևս տեղեկացանք, որ իրականում խնդիրն այն է, որ «Լիդիանն» ուզում են վաճառել, ռուսները հետաքրքրված են, սակայն կոնկրետ առքուվաճառքի գործարքի մասին այս պահին դեռ հնարավոր չէ խոսել»։