17/09/2021 11:55
Ոչ մեկի մտքով չանցնի, որ մենք փողկապավոր ընդդիմություն ենք դարձել. կաթիլը քար է ծակում. Մամիջանյան
ԱԺ ճեպազրույցների ժամանակ լրագրողները «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչներից հետաքրքրվեցին խորհրդարանական ընդդիմության դերում՝ նրանց պայքարի հետագա բովանդակության մասին։
Խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը ի պատասխան հիշեցրեց, որ իրենք ի սկզբանե հայտարարել են, որ ընտրություններին մասնակցում են՝ առաջնային համարելով ոչ թե իշխանության գալը, այլ՝ հակահայ իշխանություններին հեռացնելը, իսկ այժմ խորհրդարանի ամբիոնը որպես իրենց շարունակվող պայքարի ընդամենը հերթական հարթակ են օգտագործում։
«Միայն այն փաստը, որ Փաշինյանի խունտան ամեն քառօրյայի չորեքշաբթի օրը, սեղաններից շշերը հավաքելով, վախվորած սպասելով, թե «վայ, ի՞նչ են հարցնելու մեզ», գալիս է, իհարկե, չպատասխանելով հարցերին․․․ կաթիլը քար է ծակում։ Մեր նպատակն է, օգտագործելով նաև այս ամբիոնը, նաև այս հնարավորությունները, մեր մոլորված համաքաղաքացիներին, որոնք դեռևս հույս են կապում, որ այս իշխանությունների օրոք դեպի բարին ինչ-որ փոփոխություն կարող է լինել, փաստարկներ ներկայացնել նաև այս ամբիոնից», - ասաց Հայկ Մամիջանյանը։
Նա նաև շեշտեց, որ առաջնային նպատակին՝ իշխանություններին հեռացնելու համար իրենց պայքարը շարունակվելու է՝ մնացած միջոցներով ևս։
«Ոչ մեկի մտքով չանցնի, որ մենք փողկապավոր ընդդիմություն ենք դարձել, որը փողոցային պայքարից խուսափելու է», - ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը։