17/09/2021 12:39
Էյվազլար հատվածում ադրբեջանցիների գործողությունները մաքսայի՞ն բնույթի են, թե՞ պարզապես ապօրինի գործողություններ, ոնց որ «ԳԱԻ»-ի աշխատողներինն էր․ Անդրանիկ Քոչարյան
«Իշխանությունն ու, մասնավորապես, Փաշինյանը հայտարարում են, որ ադրբեջանցիներն այս պահին կանգնած են Խորհրդային Ադրբեջանի սահմանին, սա ենթադրո՞ւմ է, որ մեր տղաները զոհվել են հանուն Խորհրդային Ադրբեջանի սահմանների, տարածքների»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հարց ուղղվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին:
Քոչարյանը հարցին հարցով պատասխանեց․ «Դուք տիրապետո՞ւմ եք՝ սահմանի այդ հատվածը հիմա անվտանգային ինչպիսի կառուցվածք ունի, և թե՛ ադրբեջանական ստորաբաժանումները, թե՛ մեր սահմանապահ ստորաբաժանումները և ռուսական ստորաբաժանումները ինչ խնդիր են իրականացնում սահմանի ճանապարհային այդ հատվածում»։
Ապա ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ փորձեց «հստակեցում» մտցնել։
«Խոսքը Էյվազլար հատվածի մասին է, որտեղ ադրբեջանական ոստիկանական ուժերը գործողություններ են իրականացրել վերջին օրերի ընթացքում, և այդ գործողությունները չեն տեղավորվում սահմանային խնդիրների տրամաբանության շրջանակում։ Ոստիկանության ուժերը կանգնեցնում են պարսկական մեքենաներն ու գումար են վերցնում պարսկական բեռնատար մեքենաներից», - ասաց նա։
Անդրանիկ Քոչարյանը նաև ընդգծեց, որ գումար տալիս են միայն իրանական մեքենաների վարորդները, ասաց, որ պետք է հասկանալ՝ այդ գործողությունը ի՞նչ բնույթ ունի։
«Հիմա դա մաքայի՞ն գործողություն է, թե՞ պարզապես ապօրինի գործողություն է, ոնց որ «ԳԱԻ»-ի աշխատողներինը։ Հիշո՞ւմ եք՝ մի պահ կար, երբ Օսեթիայում համատարած, ամեն մեկն իր տան դիմաց «բլոկ-պոստ» էր դրել՝ չլուծված խնդիրների շրջանակում և գումար էին գանձում», - նշեց Քոչարյանը։
Նա հայտարարեց, որ խնդիրն իրար մեջ պետք է պարզեն Իրանն ու Ադրբեջանը։
«Հիմա Իրանի և Ադրբեջանի միջև պետք է ճշտեն՝ այս գործողությունները տեղավորվում են որպես մաքսակետի՞, թե՞ դրանք ապօրինի գործողություններ են։ Դրանք չեն վերաբերում Զանգեզուրից դեպի Հայաստանի տարածքներ տեղաշարժերին, ճիշտ հասկացեք։ Հիմա սահմանապահ զորքերի մեր տեղակայումը, ադրբեջանական ուժերի տեղակայումը և ռուս սահմանապահների տեղակայումն այդ հատվածում լուծվում է, որպեսզի անվտանգության հետ կապված խնդիրներ չառաջանան, չկրակենք իրար վրա, մինչև որ մտնենք այն փուլ, որտեղ պետք է ճշտվեն սահմանային դեմարկացիայի և դելիմիտացիայի հետ առնչվող խնդիրները», - եզրափակեց խոսքը Քոչարյանը։