17/09/2021 12:21
Խիստ նախնական գնահատականով սպիտակ արագիլների աղտոտման հիմնական աղբյուրը հայտնաբերված է. Նախարար
Նախօրեին նախաձեռնվել էի ընդգրկուն ամփոփիչ հանդիպում-քննարկում սպիտակ արագիլների աղտոտման հիմնախնդրի շուրջ, ֆեյսբուքյան իր էջում գրել է Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։
«Քննարկմանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքերի նախարարի տեղակալ Վ․ Տերտերյանը, Շրջակա միջավայրի նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, նախարարի իրավախորհրդատուներ, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հ․ Մարտիրոսյանը, Արմավիրի և Արարատի մարզպետարանների ներկայացուցիչներ, շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ և Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչներ:
Ամփոփվել են թռչունների աղտոտման հիմնական հիպոթեզները: Գործընկերներին եմ ներկայացրել այս ամիսների ընթացքում Շրջակա միջավայրի նախարարության կողմից խնդրի լուծմամբ շահագրգիռ գերատեսչություններ ուղարկված գրությունները, իրականացված ստուգումներն ու այդ ստուգումների արդյունքում վերհանված տեղեկատվությունը։
Կարող ենք ասել, որ ամիսներ տևած ուսումնասիրությունների և իրականացված աշխատանքների արդյունքում բավականին փաստեր են վերհանվել։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ջանքով ընդգրկուն գործողություններ են իրականացվել, պատվիրակված ստուգումներ, որոշակի փաստերի համադրում է իրականացվել, և հանգել ենք մի իրավիճակի, որ արդեն ուրվագծվել են բնապահպանական այս խնդրի հիմքում ընկած հիմնական պատճառները: Թեև NABU-ն դեռ ուսումնասիրություններ է անցկացնում, բայց արդեն իսկ առկա են բավականաչափ փաստական տվյալներ ու ապացույցներ, որոնք թույլ են տալիս խիստ նախնական գնահատական հնչեցնել, որ աղտոտման հիմնական աղբյուրը հայտնաբերված է։ Կարծես թե այդ ձեռնարկությունների թափոնների և նաև ձկնաբուծարանների գործունեության ու թափոնների սխալ կառավարման, այդ թվում ձկնաբուծարաններում գոյացող օրգանական, կենդանական թափոնների՝ Մասիսի քաղաքային աղբավայրում սխալ տեղադրման արդյունք է այս աղտոտումը։ Գործ ունենք, մասնավորապես, համայնքային աղբավայրերի սանիտարական նորմերի պահպանման և հստակ կանոնների, գործող իրավակարգավորումների խիստ վերահսկողության բացակայության արդյունքում ծնված խնդրի հետ։ Պետք է որքան հնարավոր է արագ մեկնարկի այն չեզոքացնելու գործընթացը՝ զուգորդված խիստ վարչարարությամբ։
Բնականաբար, կարճ ժամանակում հնարավոր չէ աղբավայրերի խնդիրը կարգավորել, բայց կարելի է խիստ վարչարարության կիրառման միջոցով կարգավորել ձկնաբուծարանների կողմից Մասիսի աղբավայրում ձկնամթերքի թափոնների ճիշտ տեղադրման ու կառավարման խնդիրը։ Տեսչական մարմինը պետք է գործընթացներ մեկնարկի տնտեսվարողների գործունեության ապօրինությունները բացահայտելու, իսկ տարածքային ինքնակառավարման մարմինները համայնքային աղբավայրերում աղբահանության սահմանված կարգը պատշաճ իրականացնելու նպատակով։
Ելույթներով հանդես են եկել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալը, Շրջակա միջավայրի նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետը, նախարարի իրավախորհրդատուները, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը, ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ողնաշարավոր կենդանիների կենդանաբանության լաբորատորիայի վարիչը և Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչը։
Պետք է ամենատեսանելի ապագայում հատու միջոցներով այս խնդիրը լուծել», - գրել է նախարարը։