17/09/2021 11:43
Ասում են՝ եկեք Արցախ, բայց կարգավիճակից չեն խոսում, ամբողջ աշխարհն է խոսում այդ մասին, բացի Հայաստանի և Արցախի կառավարություններից. Արցախից տեղահանված բնակիչ
Արցախից տեղահանված բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց։
«Մեր հարցերը և՛ քաղաքական են, և՛ կենցաղային», - լրագրողների հետ զրույցում ասաց Արցախից տեղահանված բնակիչներից մեկը։
Նրանք դեռևս 4-5 ամիս առաջ իմացել են, որ Հայաստանի և Արցախի կառավարությունները ծրագրել են բնակարանով ապահովել իրենց, դիմել են, որպեսզի բնակարանային ծրագրերն իրականացնելիս իրենց կարծիքները նույնպես հաշվի առնեն։
«Որովհետև, վերջիվերջո, մենք մարդ ենք և ունենք մարդկային իրավունքներ», - ասաց նա։
Բնակիչները նամակներ են ուղղել Արցախի և Հայաստանի կառավարություններին, սակայն երկու ամսից ավելի պատասխան չեն ստացել։
«Մեր ասածն այն է, որ տները, բնակարանները կառուցելիս մեր կարծիքն էլ հաշվի առնեն։ Պարզ է, որ շինարարության պրոցեսում մեծ կոռուպցիա կա, և եթե իքս գումարով կարելի էր բնակչության մեծ մասին ապահովել, ապա այդ գումարի կեսը շինարարության ընթացքում փոշիանալու է։ Խնդրել ենք, որ սա հաշվի առնեն։
Բացի այդ, օրինակ, կարող է ես այս պահին բնակարան չեմ ուզում, այգի կամ ֆերմա եմ ուզում ունենալ, աշխատեմ և այդ գումարով բնակարան ձեռք բերեմ։ Ինձ թվում է՝ մեր իշխանությանն առաջին հերթին հետաքրքրել է շինարարության բիզնեսի պրոցեսում առաջացող փողերը», - ասաց Արցախից տեղահանված քաղաքացին։
Նրա խոսքով՝ իշխանությունները սխալ քաղաքականություն են վարում, երբ ասում են, թե իրենց բնարարաններով պետք է ապահովեն Արցախում։
«Ոչ մի մարդ, եթե չի ուզում վերադառնալ Արցախ, բնակարանի համար չի վերադառնալու», - ասաց նա։
Եթե այս անգամ էլ կառավարությունից իրենց անպատասխան թողնեն, դիմելու են միջազգային կառույցներին։
«Մեր հայրենիքում մենք ապրելու իրավունք ունենք։ Եթե չեն կարողանում այդ հարցը կարգավորել, պետք է դիմենք միջազգային հանրությանը, որպեսզի մեր այդ իրավունքները բավարարեն», - ասաց բնակիչը։
Նրա խոսքով՝ իշխանություններն իրենց ասում են՝ եկեք Արցախ.
«Ասում են՝ եկեք, բայց Արցախի կարգավիճակից չեն խոսում, ամբողջ աշխարհը խոսում է Արցախի կարգավիճակից, բացի Հայաստանի և Արցախի կառավարություններից։ Վախենո՞ւմ են խոսել, չեմ հասկանում»։