17/09/2021 10:01
«Ժողովուրդ». Պատվաստվե՞լ, թե՞ ոչ, այս է խնդիրը. Քաղաքացիները լուրջ երկընտրանքի առաջ են կանգնած
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի քաղաքացիները լուրջ երկընտրանքի առաջ են կանգնած՝ պատվաստվել, թե ոչ։ Այս դաշտում ապատեղեկատվությունը շատ է՝ հատկապես ոչ մասնագիտական դաշտից եկող, որը շատ հաճախ մարդկանց գցում է շփոթության մեջ։ Մարդիկ կանգնում են հարցի առաջ՝ պատվաստվել արդյոք, թե չպատվաստվել, և նրանց մեծ մասն ընտրում է երկրորդ տարբերակը։
Այս խնդրի շուրջ բազմաթիվ քաղաքացիներ դիմել են անգամ «Ժողովուրդ» օրաթերթին՝ նշելով, որ իրենք տրամադրված գնում են բժշկի՝ քննարկելու պատվաստման տարբերակը, հիասթափված հետ են վերադառնում։ Բանն այն է, որ շատ բժիշկներ նրբանկատորեն «հորդորում են» առայժմ չպատվաստվել, սպասել և այդպես իրենց պացիենտների մի մասին շփոթության մեջ են գցում։ Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների դոկտոր Մերի Տեր-Ստեփանյանի հետ, որը հաստատեց, որ բժիշկների կողմից էլ կա տարածվող ապատեղեկատվություն։
«Ես գտնում եմ, որ սա ամենացավալին է այս գործընթացում. բժիշկներն իրենք, շատ լավ տեղեկացված լինելով, երբեմն իրենց սուբյեկտիվ կարծիքն են արտահայտում, և սա մարդկանց գցում է բնական շփոթության մեջ։ Իսկ երբ բժիշկն է սկսում տարակուսել, բնական է, որ ոչ մասնագետը կսկսի տարակուսել», - ասաց մասնագետը՝ նկատելով, որ ԱՄՆ-ում բուժաշխատողների 90 տոկոսից ավելին պատվաստված է, իսկ Հայաստանում այս թիվը բավականին ցածր է։ «Բայց մեր պատվաստումային ընդգրկվածությունը հաշվի առնելով՝ վստահ կարող եմ ասել, որ բուժաշխատողների շրջանում թիվը նույնպես բարձր չէ։ Իսկ եթե բուժաշխատողն ինքը չի գնում վստահ պատվաստման, նա չի կարող վստահ խոսել պատվաստման արդյունավետության մասին։ Սա ցանկացած պատվաստանյութի և ցանկացած կանխարգելիչ երևույթի մասին է», - հայտարարեց մասնագետը»։