17/09/2021 19:41
Անցյալ, նախանցյալ տարի գերի չե՞նք ունեցել, որ անկախության տոն ենք նշել․ ապրիլի 24-ին էլ սիմֆոնիկ նվագախումբը նվագել է հատուկ երգեր․ Փաշինյանի օգնականը՝ զոհվածների ծնողներին
«Հերիք է փափուկ բարձ դնեք մեր գլխների տակ, մեր երեխեքը չկան, դուք ինչ ուզեք՝ անեք։ Դուք պետք է խոնարհված ապրեք, ձեր գլուխը չբարձրացնեք, ոչ թե տոնակատարություն անեք, մեզ ծաղրանքի ենթարկեք», «ուզում եմ հասկանալ ձեր մարդկային մտածելակերպը, ի՞նչն է ձեզ ստիպում, որ սա ուզում եք անել մեր գլխին։ Ինչո՞ւ եք դուք ուրիշ կերպ մտածում, էս ժողովուրդն՝ ուրիշ», «դու եղբորդ հարսանիքին քեֆ էիր անում, ես էլ ուզում էի իմ տղայի հարսանիքին քեֆ անել»։
«Հզոր պետություն պիտի լինի, որ անկախ լինի։ Ի՞նչ անկախություն, անկախության ժամանակ թուրքերն առա՞ջ են գալիս։ էն ժամանակ էր անկախությունը, հիմա անկախություն չկա». այս և նման այլ հարցերով ու գնահատականներով դիմավորեցին վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանին 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները, որոնք Հանրապետության հրապարակում ակցիա էին կազմակերպել՝ ընդդեմ Փաշինյանի հայտարարած «գունագեղ» տոնակատարության։
Սարգսյանը նրանց հրավիրում էր կառավարության շենք՝ քննարկման։ Փորձը չհաջողվեց։
Իրեն օղակած ծնողների վրա Սարգսյանի արդարացումները, թե Անկախության օրը քեֆ ու հարսանիք չի լինելու, ևս մեծ ազդեցություն չունեցան։ Բոլորին հետաքրքրում էր հատկապես այն, թե, երբ դեռ գերիներ ունենք Բաքվի բանտերում ու հակառակորդին անցած հայկական տարածքներից դեռ մասունքներ են դուրս բերում, ի՞նչ սրտով է իշխանությունը տոնակատարություն կազմակերպում։
«Մենք անցյալ, նախանցյալ տարի գերի չե՞նք ունեցել, որ անկախության տոն ենք նշել։ Տղաները զոհվել են, որ մեր երկիրն անկախ լինի»,- ասաց Սարգսյանը։
«Դուք հայ եք, քրիստոնյա եք և ավանդույթներին հետևող։ Եթե ձեր պապը մահանում է, մինչև տարին լրանալը քեֆ, ծնունդ՝ երաժշտությամբ արե՞լ եք։ Եթե արել եք, խնդրեմ, եկեք ու էստեղ էլ արեք»,- ասաց ծնողներից մեկը՝ դիմելով նրան։
Նաիրի Սարգսյանը օրինակ բերեց այս տարվա ապրիլի 24-ը։
«Այս տարի ապրիլի 24-ին, երբ որ մեկ ու կես միլիոն հայերի սպանդի օրն է, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կազմակերպվել էր հուշ-երեկո։ Սիմֆոնիկ նվագախումբը նվագել է հատուկ այնպիսի երգեր, որոնք նվիրված են այդ արարողությանը, այդ օրը նշելուն։ Այսինքն, երբ որ սիմֆոնիկ նվագախումբը նվագում է, դա չի նշանակում, որ քեֆ է ու տոնախմբություն է»,- ասաց նա։
Ապա Նաիրի Սարգսյանը քաղաքական ուժերին մեղադրեց ծնողներին ուղղորդելու մեջ՝ ասելով, որ նախորդ օրն ինքը հանդիպում է ունեցել այլ ծնողների հետ, որոնք «հավանել են» սեպտեմբերի 21-ի միջոցառումների ծրագիրն ու մասնակցելու են միջոցառումներին։
Շատ ծնողների այս «փաստն» էլ չհամոզեց, մեծ մասը պնդում էր՝ ընդհանրապես չեղարկել միջոցառումները, մյուսները չէին հավատում, որ հրավառություն և ուրախ համերգներ չեն լինելու, քանի որ տեսել ու լսել էին, որ հրապարակում տեղադրված բեմահարթակին ուրախ երաժշտության ներքո պարում ու փորձ են անում։
Ծնողներն ու լրագրողները Նաիրի Սարգսյանին հարց ուղղեցին նաև հրապարակի «գունագեղ» տոնակատարության համար թուրքական բեռնատարով սարքավորումներ բերելու մասին։
«Թուրքական բեռնատարի մասով հայտարարություն եղել է, այս ամբողջ սարքավորումները տարբեր երկրներից բերված սարքավորումներ են, որոնք Հայաստանում չկան։ Բերվել է Գերմանիայից, թուրքական չի։ Բեռնատարը Գերմանիայից է եկել։ Այն կազմակերպությունը, որը իրականացրել է բեռնափոխադրումը, վրան թուրքական ինչ-որ նշումներ են եղել։ Հիմա, օրինակ, էս միկրոֆոններից մեկը կարող է արտադրված լինել Թուրքիայում, ես չեմ կարող լրագրողին ասել՝ Թուրքիայից ես եկել»,- ասաց Սարգսյանը։
Նաիրի Սարգսյանը հայտարարեց նաև, որ այս տարվա սեպտեմբերի 21-ի միջոցառումն ավելի փոքր մասշտաբով որոշել են չանել, որովհետև «կլոր ամյակ է»։ Նա վստահեցրեց նաև, որ այժմ հանրապետությունում առկա հակահամաճարակային իրավիճակն իրենց թույլ տալիս է բացօթյա միջոցառում կազմակերպել։