17/09/2021 14:07
«Հայաստան» խմբակցությանը փոխանցված պարգևավճարը կազմում է 10-12 միլիոն դրամ. գումարը կուղղենք կամ վիրավոր զինվորներին, կամ՝ սահմանամերձ մարզերին. Վահե Հակոբյան
Ազգային ժողովում Անկախության 30-ամյակի առիթով պարգևավճարներ են բաժանել։ Ընդդիմադիր խմբակցությունները հրաժարվել են օգտվել գումարից. դրանք կուղղեն սոցիալական ծանր խնդիրների լուծմանը, ինչն առաջացել է պատերազմի հետևանքով։
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանն անթույլատրելի է համարում Հայաստանում այսօր ստեղծված իրավիճակում պարգևատրումներ բաժանելը։
«Մենք պարգևավճարների վերաբերյալ մեր դիրքորոշումը հայտնել ենք և մինչև ընտրությունները, և անմիջապես հետո, սա մեզ համար անընդունելի է ու անթույլատրելի։ Այս պարագայում պատգամավորները չպետք է ստանան որևէ պարգևավճար։ Մենք սա անպայման դատական կարգով վիճարկելու ենք», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Հակոբյանը։
Նա նշեց, որ իրենց հաշվին փոխանցված պարգևավճարները կամ կուղղեն պետական բյուջե, կամ կօգտագործեն սոցիալական խնիրների լուծմանը։
«Կուղղենք որոշ սոցիալական հարցերի՝ կլինի մեր վիրավոր զինվորների խնդիրների լուծմանը, կամ սահմանամերձ մեր մարզերին, որտեղ կան արդիական խնդիրներ, իսկ կառավարությունն աչք է փակում դրա վրա», - ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Վահե Հակոբյանի խոսքով՝ միայն «Հայաստան» խմբակցությանը փոխանցված գումարը կազմում է 10-12 միլիոն դրամ։