17/09/2021 14:59
Այսօր, երբ հարյուրավոր անհետ կորածներ և չգտնված աճյուններ ունենք, իշխանությունը լծված է գունագեղ տոնակատարություններ կազմակերպելու և պարգևատրումների գործին. «Հայաստան» խմբակցություն
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի սեպտեմբերի 16-ի կարգադրությամբ` Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ Ազգային ժողովի պատգամավորներին վճարվել է պարգևավճար: «Հայաստան» խմբակցությունը հայտարարությամբ է հանդես եկել։
«Այսօր, երբ հարյուրավոր անհետ կորածներ և չգտնված աճյուններ ունենք, երբ հազարավոր որդեկորույս ծնողներ չեն կարողանում հաղթահարել իրենց ցավը և վիշտը, երբ մեր բազմահազար քաղաքացիներ չեն կարողանում ստանալ անհրաժեշտ բուժօգնություն առողջապահության պետպատվերի գումարների սպառման պատճառով, այս իշխանությունը, քաղաքացիների խնդիրները մի կողմ թողած, լծված են գունագեղ տոնակատարություններ կազմակերպելու և պարգևատրումների գործին:
«Հայաստան» խմբակցությունը խստագույնս դատապարտում է գործող վարչախմբի գործելաոճը: Խմբակցությունը չափազանց կարևորում է ազգային արժանապատվությունը և հատկապես խոցված ինքնիշխանության պայմաններում անկախության օրվա կապակցությամբ պատգամավորներին տրվող պարգևատրումները գնահատում է վիրավորանք ՀՀ քաղաքացուն:
Հաշվի առնելով, որ մենք այդ որոշումը համարում ենք ապօրինի, ինչպես նաև այն, որ այն տարածվում է նաև մեր խմբակցության պատգամավորների վրա, հայտարարում ենք, որ մենք չենք օգտագործելու այդ միջոցները, միաժամանակ պարգևավճարների օրինականությունը վիճարկելու ենք դատարանում:
Բացի դրանից` կատարվածին քրեաիրավական գնահատական տալու նպատակով դիմելու ենք իրավապահ մարմիններին»,-ասված է հայտարարությունում։