17/09/2021 19:18
«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում բացվել է մանկական հոգեբուժական բաժանմունք, որն իր տեսակով առաջինն ու միակն է Հայաստանում
ՀՀ ԱՆ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում բացվել է մանկական հոգեբուժական բաժանմունք, որն իր տեսակով առաջինն ու միակն է Հայաստանում:
12 մահճակալ ունեցող բաժանմունքն ապահովված է համապատասխան որակավորում ունեցող մասնագետներով և ըստ անհրաժեշտության` ցուցումների առկայության դեպքում, երեխաները կստանան լիարժեք և որակյալ մասնագիտացված հիվանդանոցային բժշկական օգնություն` պետպատվերի շրջանակում:
Բաժանմունքի բացման արարողության ժամանակ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հատկանշել է. «Ցանկացած երեխա` անկախ տարիքից, սեռից և առողջական վիճակից, իրավունք ունի լինել լսված և իրազեկված, ստանալ արժանի բժշկական օգնություն և սպասարկում, ինչին ուղղված են մեր ռազմավարությունները»:
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք` առավելապես երեխաները, ունեն հասարակության կողմից թիրախավորման խնդիր, ինչպես նաև խոցելի են սեփական իրավունքների ինքնուրույն իրացման` որոշումների կայացումների առումով, թե ֆիզիկական և հոգեկան առողջությունը պաշտպանելու տեսակետից:
«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում մանկական հոգեբուժական բաժանմունքի ստեղծման աշխատանքները մեկնարկել են 2020 թվականից: