17/09/2021 18:15
Համագյուղացու նկատմամբ սպանության փորձ կատարելու գործի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են Գլաձոր համայնքի 32-ամյա բնակչի կողմից համագյուղացու նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Գլաձոր համայնքի 32-ամյա բնակիչը, 31-ամյա համագյուղացու և վերջինիս եղբոր հետ տևական ժամանակ ունենալով տարաձայնություններ և գտնվելով անբարյացկամ փոխհարաբերությունների մեջ՝ նրանց կողմից Գլաձոր բնակավայրի կենտրոնական ճանապարհի հարակից տարածքում սեփական ավտոլվացման կետ շահագործելու կապակցությամբ, 2020թ. ապրիլի 5-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Գլաձորի համայնքամիջյան կենտրոնական ճանապարհին հարակից տարածքում անձնական հարցերի շուրջ վիճաբանել է համագյուղացու և նրա կողմնակիցների հետ: Վիճաբանության ընթացքում 31-ամյա տղամարդուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ապօրինի կերպով ձեռք բերած և իր մոտ պահվող, «ПМ»(Մակարով) տեսակի ակոսափող հրազենից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, 32-ամյա տղամարդը 3 կրակոց է արձակել վերջինիս ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագարծությունն ավարտին հասցնել. 31-ամյա տղամարդը, նկատելով համագյուղացու կողմից իր վրա ուղղված հրազենը, խուսափել է արձակված գնդակներից: Դրանցից մեկը դիպել է նրա գլխի շրջանին՝ առողջությանը պատճառելով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով, որից հետո իր կողմնակիցների օգնությամբ անհապաղ տեղափոխվել է հիվանդանոց: Վերջինիս ուղղությամբ արձակված մյուս երկու գնդակներից մեկը դիպել է նրա քրոջ ամուսնուն, իսկ մյուսը՝ միջադեպին ներկա՝ 32-ամյա տղամարդու կողմնակիցներից մեկին՝ նրանց առողջությանը պատճառելով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Գլաձոր համայնքի 32-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին: