18/09/2021 21:00
Փոխանակ ուժերն ուղղեն սահմանների վրա, ուղղում են զոհվածների հարազատների դեմ․ Հանրապետության հրապարակում ակցիա է՝ ընդդեմ «գունագեղ» տոնակատարության
Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի ազդարարած «գունագեղ» տոնակատարության դեմ իրենց բողոքն արտահայտելու համար հավաքվել են զոհված, անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները, հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ։
«Սա լռության ակցիա է, լռության հավաք։ Մենք մեր ներկայությամբ պետք է ցույց տանք, որ այս երկիրը վերջնականապես դատապարտված չէ։ Սա է այս ակցիայի իմաստը։ Բոլոր խոսքերը վերջացել են։ Մենք լուռ կանգնելու ենք և ցույց ենք տալու, որ կան մարդիկ, ովքեր դեմ են այս լպիրշությանը», - լրագրողների հետ զրույցում ասաց ակցիային միացած պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը, ով 2-3 ժամ առաջ է դուրս եկել ոստիկանության Կենտրոնի բաժնից։ Ոստիկանները, բռնի ուժի գործադրմամբ, նրան բերման էին ենթարկել մեկ այլ բողոքի ակցիայից, որը կրկին ընդդեմ «գունագեղ» տոնակատարության էր։
Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ զոհվածների ծնողներին վրդովվեցնում է նաև այն փաստը, որ «տոնակատարության» կազմակերպիչները բողոքի լուրջ ալիք բարձրացրած միջոցառմանը ներգրավել են նաև երեխաների, որոնք հենց այս պահին փորձի են՝ Հանրապետության հրապարակում տեղադրված բեմին։
«Հիմա մեջքիս հետևում փորձ է գնում, որտեղ ներգրավված են երեխաներ։ Երեխաները չեն հասկանում, նրանց բերել են համերգի, նրանք փորձ են անում, նրանց ասում են՝ այս պարը պարի։ Իսկ մեծերին ես դատապարտում եմ, որ բացի նրանից, որ ազգային, մարդկային ստորություն են անում, նաև դրա մեջ ներգրավել են երեխաներին», - ասաց Գրիգորյանը։
Հրապարակում գտնվող քաղաքական գործիչներից ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանն էլ ընդգծեց, որ քայլ առ քայլ՝ կորցնում ենք մեր անկախությունը, ինքնիշխանությունը, իսկ իշխանությունները սահմանին խնդիրները լուծելու փոխարեն, թիրախավորում են զոհվածների ծնողներին։
«Պետք է հասկանանք՝ այս իշխանություններն ինչ են պատրաստվում անել երկրի հետ։ Քայլ առ քայլ մենք կորցնում ենք մեր անկախությունը, ինքնիշխանությունը, մեր տարածքները, թուրքն իրեն Հայաստանում զգում է ինչպես տանը, իսկ մենք, կարծես թե, արդեն դրա հետ համակերպվել ենք։ Փոխանակ ուժերն ուղղեն սահմանների վրա, ուժերն ուղղում են զոհվածների հարազատների վրա»,- ասաց նա։
Ակցիան շարունակակվում է, մասնակիցներից շատերը նշում են, որ գիշերելու են Հանրապետության հրապարակում, իսկ վաղը, 18։00-ին, կրկին հավաք են անելու։