18/09/2021 16:00
Քաղաքացիների նկատմամբ ուժ կիրառելու փոխարեն՝ հիմա պիտի Գորիս-Կապան ճանապարհին անվտանգություն ապահովեին. Գևորգ Պետրոսյան (Տեսանյութ)
Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում հավաքված են մնում Փաշինյանի ազդարարած «գունագեղ» տոնակատարության դեմ բողոքի ակցիա անող այն քաղաքացիները, որոնց ոստիկանները դեռ չեն հասցրել բերման ենթարկել։
Ակցիային միացավ նաև նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
«Բերման ենթարկելու հիմքերը սպառիչ սահմանված են Քրեական դատավարության օրենսգրքով, և որևէ ոստիկան չի պատասխանում իմ հարցին, թե ինչի համար են քաղաքացիներին տանում։ Մինչդեռ եթե ոստիկանությունը գործում է օրենքի շրջանակում, պարտավոր է ներկայացնել, թե ինչու են քաղաքացիների նկատմամբ ֆիզիկական ուժ կիրառում։ Որևէ ոստիկան իմ այդ հարցին չպատասխանեց։ Սա բացարձակ ապօրինություն է ոստիկանության կողմից, ոստիկանությունը ակնհայտորեն խախտում է մարդու իրավունքները», - ասաց նա։
Պետրոսյանը ոստիկաններին ամոթանք ուղղեց՝ ասելով, որ քաղաքացիների նկատմամբ ուժ կիրառելու փոխարեն՝ հիմա պիտի Գորիս-Կապան ճանապարհին անվտանգություն ապահովեին։
Ակցիայի մասնակիցներից Մեսրոպ Եղիազարյանն էլ կոչ ուղղեց տանը նստած քաղաքացիներին։
«Ինչու՞ է ժողովուրդը նստած տանը։ Դո՛ւրս եկեք, սա ձեր համար է արվում։ Դուրս եկեք, ամեն մեկդ մի տեղ հավաքված՝ 5, 50 հոգի, 100 հոգի, մի՛ վախեցեք, դուրս եկեք։ Մենք մնալու ենք այստեղ կանգնած։ 3 միլիոնին թող տանի, ձերբակալի», - ասաց նա։
Հիշեցնենք, որ քիչ առաջ ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև քաշքշուկ սկսվեց, ոստիկանությունն սկսեց ուժով բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին, նրանց նստեցնել ոստիկանական մեքենաները։
Ոստիկաններն Աբովյան փողոցում արդեն պատնեշ են տեղադրել։